«Արմեն Սարգսյանը կարճ ժամանակով եղել է վարչապետ, բայց քաղաքականացված չէ, որևէ կուսակցության անդամ չէ». Մկրտիչ Մինասյան

ՀՀԿ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դրական է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնի համար։ «Արմեն Սարգսյանի հետ աշխատել եմ, երբ նա վարչապետ էր, և այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք լուրջ, կազմակերպված, մտավորական, անալիտիկ մտածողության տեր, լայն դիվանագիատական և մարդկային հարաբերություններ ու շփումներ ունեցող մարդու հետ, որի հնարավորությունները լիարժեք օգտագործելը շահեկան կլինի մեր երկրի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանին պետք է ընդունել՝ որպես ոչ քաղաքականացված անձ. «Մարդ, որը դիվանագիտական լուրջ գործունեություն է ծավալում, մարդ, որը կարճ ժամանակով եղել է վարչապետ, բայց քաղաքականացված չէ, որևէ կուսակցության անդամ չէ և ընդամենը լուրջ մտավորական է, գիտնական, նաև 21-րդ դարի շունչը զգացող, բիզնեսում լուրջ հաջողություններ ունեցող մարդ է։ Այս կապերը լիարժեք օգտագործելու դեպքում՝ մեր պետության համար լուրջ հնարավորություններ կստեղծվեն՝ նոր ներդրումներ ներգրավելու, Հայաստանի տնտեսությունը և կյանքի տարբեր ոլորտներն արդյունավետ կազմակերպելու համար»։

Նրա խոսքով՝ երբ 1996թ. Սարգսյանը վարչապետ էր, ինքը զարմացել է նրա օպերատիվ կառավարման հմտությունների վրա. «Ես իրեն ասացի, որ՝ պարոն վարչապետ, վստահաբար Դուք կրթության կողմնակից եք, և առաջարկեցի գնալ Մասիվի դպրոցներից մեկը ու տեսնել, թե ինչ վիճակ է։ Գնացել ենք 9-րդ զանգվածի 197-րդ դպրոցը, որը սարսափելի վիճակում էր, և այցից 3 շաբաթ անց նա նորոգեց այդ դպրոցը»։ Դիտարկմանը, թե նախագահը գալիս է համակարգային փոփոխություններ անելու համար, այլ ոչ թե՝ մանկապարտեզի դուռը կամ դպրոցի պատուհանը վերանորոգելու, նա այսպես արձագանքեց. «Ես դետալ եմ ասում, որ մարդն իր խոստումը կատարում է։ Նա պարզ ասաց, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ պետք է խոսի Արցախի, Սփյուռքի ուժերի հետ։ Դա ճշմարիտ, գործն իմացող, երկրի հոգսերն իր վրա վերցնելու պատրաստակամություն ունեցող մարդու խոսքեր են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս