ՀՀԿ-ի հակընդդեմ առաջարկը՝ ««Ելքին» հորդորեք, թող դիմի մեզ»

«Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ Հանրապետականի թեկնածուն, «Ելքը» ի՞նչ դիրքորոշում կունենար։ Այսինքն՝ դեմ են քվեարկում միայն այն ապտճառով, որ նա Հանրապետականի՞ թեկնածուն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «Ելքի» պատգամավորների հայտարարությունը, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։

Ըստ նրա՝ ԱԺ-ում ընդդիմադիրների ձայները բավարարում են, որպեսզի 1/4 ձայներով առաջադրեն իրենց թեկնածուին, և իրենց մեջ պետք է փնտրեն, թե ինչու անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվել։

«ՀՀԿ-ն կանխատեսումներ չի անում, հանդիպումներ կլինեն քաղաքական ուժերի հետ, և պատկերը կերևա քվեարկության ժամանակ»,- ասաց Վ.Բաղդասարյանը։
Նա նշեց, որ նախկինում վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու ժամանակ Արմեն Սարգսյանն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ և այդ պատճառով է հրաժարական տվել.

«Պետք չէ արդեն իսկ նորընտիր նախագահի թեկնածուի, որը պետք է գնա ընտրությունների, մամուլը մտածի խոցելի կողմեր գտնել, խոցելի տեղեր գտնել, իզուր է չարչարանքը։ Չկա որևէ մարդ, որ լինի իդեալական։ Պարզապես խորհուրդ կտամ՝ խոսեք դրական կողմերի մասին, որովհետև այն չափորոշիչները, որ ունի թեկնածուն, բավականին բարձր են, և նման կենսագրություն ունեցող մարդը կարող է բավականին արդյունավետ աշխատանք տանել»։

Վ.Բաղդասարյանը հավաստիացրեց, թե ՀՀԿ-ի համար նույնպես ցանկալի կլինի, որ լինի նախագահի 2 թեկնածու, և, եթե ՀՀԿ-ն առաջարկում է մեկին, երկրորդին ընդդիմադիրները պետք է առաջադրեն։ Նա նշեց, որ, եթե լինի երկրորդ թեկնածու, իրենք կկազմակերպեն քննարկումներ։ «Ելքի» առաջարկը՝ ընդդիմադիր թեկնածուի առաջադրման համար ՀՀԿ-ից ձայներ տալու մասին, Վ.Բաղդասարյանը «շատ հետաքրքիր» որակեց.

«Այսինքն՝ «Ելքը» մե՞ր ստեղծած ընդդիմությունն է։ Եթե մեր ստեղծած ընդդիմությունն է, մենք կօգնենք իրենց, բայց «Ելքը» ժողովրդի ընտրյալն է, և որպես ընդդիմություն՝ նրանք իրենց կերպարը պետք է պահպանեն՝ համագործակցելով ընդդիմության հետ։ Այլ խնդիր է, եթե իրենք ցանկանում են մեզ հետ համագործակցել, մեր դռները բաց են՝ ոչ միայն նախագահի ընտրության հարցում, ցանկացած հարցում մենք կարող ենք իրենց հետ համագործակցել։ «Ելքին» հորդորեք, թող դիմի մեզ»։

 

Տեսանյութեր

Լրահոս