«Այն հնարավորությունները, որ ունի Արմեն Սարգսյանը, Հայաստանում ոչ ոք չունի». Արման Նավասարդյան
«Արմեն Սարգսյանի թեկնածության մասին ես միանշանակ դրական եմ արտահայտվել, ես դրական եմ վերաբերվում այդ թեկնածությանը՝ ճանաչելով նրան համատեղ աշխատանքից և համեմատելով այլ թեկնածուների արժանիքների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի կենսագրական տվյալները խոսում են այն մասին, որ նրա հնարավորություններն ավելի մեծ են.
«Այն հնարավորությունները, որ ունի Արմեն Սարգսյանը, Հայաստանում ոչ ոք չունի»։ Լրագրողները հիշեցրին, որ Արմեն Սարգսյանի դեսպանության ժամանակ արքայազն Չարլզը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ այցելեց ոչ թե Հայաստան, այլ Թուրքիա, ինչին դեսպանն այսպես արձագանքեց.
«Մի բան է՝ լինել Չարլզի բարեկամը և միասին սուրճ խմել՝ որպես Արմեն Սարգսյան, անգամ՝ դեսպանի մակարդակով, բոլորովին այլ է՝ այդ հարաբերությունները տեղափոխել նախագահական հարթության վրա։ Դա մեզ ավելի օպտիմալ հնարավորություն կտա»։ Թե Արցախի հարցում ի՞նչ առաջընթաց կարող է լինել Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ, Արման Նավասարդյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ Արցախի կարգավորման հարցում առկա պաշտոնական քաղաքականությունից ավելին հնարավոր չի լինի անել. «Բայց ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում հնարավոր է անել այնպիսի քայլեր, որոնք երկրի շահերից կբխեն»։