Դեռահասության տարիքը հարկավոր է ավելացնել մինչև 24. գիտնականներ
Հետինդուստրիալ երկրներին անհրաժեշտ է դեռահասության տարիքի նոր սահմանում, ասում են այն փորձագետները, որոնք մասնակցել են Lancet բժշկական հանդեսի կողմից անցկացված հարցմանը: Եթե ավելի վաղ եվրոպացիները չափահաս կյանքն սկսում էին 19 տարեկանում, ապա այսօր դա տեղի է ունենում միջին հաշվով 24 տարեկանում: Մի խումբ փորձագետներ գտնում են, որ նոր նորմը հարկավոր է արտացոլել օրենքներում, տեղեկացնում է BBC-ն:
Սակայն, մեկ այլ փորձագետի կարծիքով, չափահասության նոր տարիքի ընդունումը կհանգեցնի նրան, որ «երիտասարդներն էլ ավելի ինֆանտիլ կդառնան»:
Չափահասության տարիքի բարձրացման հիմնական պատճառները սոցիալական են, ասված է հոդվածում: Այսօր հետինդուստրիալ երկրներում երիտասարդներն ավելի երկար են կրթություն ստանում, ավելի ուշ են ամուսնանում եւ երեխաներ ունենում: Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն, Անգլիայում եւ Ուելսում 2013 թվականի դրությամբ տղամարդկանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմում էր 32,5, իսկ կանանցը՝ 30,6: Դա գրեթե ութ տարով ավելի ուշ է, քան 1973 թվականի ցուցանիշները:
«Չնայած այն բանին, որ չափահասների համար սահմանված բազմաթիվ արտոնություններն ստանում են արդեն 18 տարեկանում, որպես կանոն, մեծերի հասարակության մեջ դերի եւ պատասխանատվության ստանձնումը, որը գալիս է դրա հետ, տեղի է ունենում ավելի ուշ»,- հոդվածում գրում է Մելբուռնի Թագավորական մանկական հիվանդանոցի մանկական առողջության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սյուզան Սոյերը:
Ավելի ուշ ամուսնությունները, երեխաների ծնվելը եւ ֆինանսական ինքնուրույնության հասնելն ստեղծում են մի իրադրություն, որում մեծացող դեռահասների մոտ «կիսաանկախության» ժամանակաշրջանը դառնում է ավելի երկար, քան ընդունված է համարել, գրում է Սոյերը:
Այս բոլոր փոփոխությունները, պնդում է Սոյերը, պետք է ազդեն արեւմտյան երկրների սոցիալական քաղաքականության վրա: Օրինակ, Սոյերն առաջարկում է երիտասարդությանն աջակցման սոցիալական ծառայությունների գործողությունը երկարացնել մինչեւ 25 տարեկան:
«Տարիքային կատեգորիաները միշտ էլ բավականին կամայական են,- գրում է Սոյերը,- բայց այսօր դեռահասության ժամանակաշրջանի մեր ըմբռնում չափազանց նեղ է»: «10-ից մինչեւ 24 տարեկան ժամանակաշրջանն ավելի հարմար է գալիս, հաշվի առնելով այն, թե այսօր ինչպես են զարգանում դեռահասները»,- ասում է նա: