Թուրքիայի երկու նահանգները ծածկվել են կարմիր փոշու ամպերով
Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ փոշու պատճառով տարածաշրջանում ցերեկային ժամերին էլ կարծես գիշեր լինի։ Փողոցներում վառվել են ցերեկային լույսերը, վարորդները երթևեկում են լուսարձակները միացրած, տեսանելիությունը 50 մետրից պակաս է։ Անձրևի պատճառով Մարդինը նաև հոսանքազրկվել է։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս իրավիճակի պատճառով քաղաքներում կյանքը կաթվածահար է եղել։ Չեղարկվել են բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ, ժամանող ինքնաթիռները ուղարկվել են այլ օդանավակայաններ։ Մարդկանց մեծ մասը գերադասում է ընդհանրապես դուրս չգալ տներից։
Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ պետական ոլորտում աշխատող հաշմանդամները, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու հղիները մեկօրյա հանգիստ են ստանում և կարող են աշխատանքի չներկայանալ։
Առողջապահության ոլոտի պատասխանատուները խորհուրդ են տվել հատկապես ասթմայով և շնչառական համակարգի այլ հիվանդություններով, սրտի հետ կապված հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանաց ու երեխաներին՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։