Բաժիններ՝

«Աստված հոգիդ լուսավորի, Հրանտ». Փայլանի հայերեն խոսքերը մեջլիսի արձանագրություններում «X» նշանով են արտացոլվել

Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից: Այս մասին Թուրքիայի մեջլիսում իր ելույթն այս խոսքերով է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Հանցագործությունից շուրջ 3 տարի առաջ իր պարբերականում Դինքը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը՝ Աթաթուրքի որդեգիր զավակը, հայ որբ է: Թուրքիայում մեկ անձի հայ լինելու մասին պնդումն անմիջապես ընդունվեց որպես մեծ հանցանք: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայ լինելու մասին այդ պնդումը հանցագործություն համարեց: Գլխավոր շտաբը հատուկ հայտարարությամբ թիրախավորեց Հրանտ Դինքին, հայտարարվեց, թե նա «վիրավորում է թուրքականությունը»: Իհարկե, սրան որոշակի զարգացումներ հաջորդեցին»,- նշել է պատգամավորը:

Փայլանը հիշեցրել է, որ անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և ներկայացուցիչները չխորշեցին Դինքին թիրախավորող հայտարարություններից: Օրինակ, այն ժամանակվա արդարադատության նախարարը Հրանտ Դինքի համար հայտարարել էր. «Թիկունքից մեզ դաշունահարում են»: Նմանօրինակ հայտարարությամբ հանդես եկավ նաև այն ժամանակ պատգամավոր Ջեմիլ Չիչեքը: «Նման դեպքերում կարո՞ղ էին թերթերը անգործ մնալ: Այս օրերին թերթերն էլ, բնականաբար, թիրախավորեցին Հրանտ Դինքին: Դինքն անգամ կանչվեց Ստամբուլի նահանգապետարան, որտեղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան սպառնացին՝ ասելով. «Չափդ իմացիր»: Եվ այդ ամբողջ ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության ղեկին էր և հետևում էր կատարվող իրադարձություններին: Եվ այս ամենի արդյունքում՝ մի ամբողջ պետության հետախուզական մարմինների տեղեկացվածության պայմաններում, նրանց աչքի առաջ Դինքը սպանվեց»,- նշել է Փայլանը:

Նա ընդգծել է, որ թեպետ բազմիցս իրենց հորդորել են երկրի իշխանություններին հետամուտ լինել հանցագործության բացահայտման գործում, սակայն ԱԶԿ-ն փոխարենը հանցագործության մեջ մեղավոր բոլոր գործիչների պաշտոնը բարձրացրեց՝ դարձրեց նախարար, նահանգապետ, հետախուզական վարչության ղեկավար: Փայլանի համոզմամբ՝ այս անհետևողականությունն է պատճառը, որ երկրում շարունակվում են հանցագործությունները, հասարակության տարբեր հատվածներ մեկը մյուսի դեմ են դուրս գալիս, հեղաշրջման փորձեր են տեղի ունենում:

«Հարգելի գործընկերներ, դեռևս շատ չենք ուշացել: Գիտեմ, որ հիմա վեր կկենաք և կասեք՝ գործում ներգրավված երկու գյուլենական կա, նրանք են մեղավորները: Սակայն ոչ, միայն գյուլենականները չեն, այստեղ մի ամբողջ պետության հավաքական պատասխանատվություն կա: Հիշեք, ցանկացած անպատիժ հանցագործություն նոր հանցանքի պատճառ է դառնում: Մի մոռացեք, հանցագործներին թաքցնողը ևս հանցակից է»,- հայտարարել է մեջլիսի հայ պատգամավորը:

Նա նշել է, որ իրենք՝ Դինքի ընկերները շարունակելու են արդարության հասնելու իրենց պայքարը: Խոսքի վերջում դիմելով Հրանտ Դինքին նա հայերենով ասել է. «Աստված հոգիդ լուսավորի: Շատ ապրես, Հրանտ»:

Ուշագրավ է, որ մեջլիսի արձանագրություններում Փայլանի կողմից հնչեցված հայերեն այս խոսքերը արտացոլվել են «X» նշանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս