Արցախում առաջին արևային էլեկտրակայանը կկառուցվի օտարերկրյա ներդրումներով
Առաջիկայում Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով կմեկնարկի արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այս մասին, հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Ինչպես գիտեք, այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,- նշել է Հարությունյանը։
Պետական նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։ Ա. Հարությունյանը հավելել է, որ կառավարությունը տրամադիր է, հանրապետությունում կայացած և բարձր արդյունավետություն ունեցող ջրային էներգետիկային զուգահեռ, խթանելու նաև արևային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը։