ՔԿՀ աշխատակիցը՝ մեղադրյալի աթոռին
Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի տներից մեկն ու այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով գումար:
Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերի 10-ին` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Արման Ղազարյանը, օգտվելով իր ծանոթ` Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Նիկողոսյանին պատկանող ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու դիտավորությամբ այնտեղից վերցրել է Ն. Նիկողոսյանի տան բանալիները: Այնուհետև, իր հանցավոր նպատակն իրականացնելու մտադրությամբ, Ա. Ղազարյանը նույն օրը ապօրինի մուտք է գործել Ն. Նիկողոսյանի` Փարաքար գյուղում գտնվող տուն և այնտեղից հափշտակել 1.200.000 ՀՀ դրամ, 538.455 ՀՀ դրամին համարժեք 1105 ԱՄՆ դոլար ու 28.404 ՀՀ դրամին համարժեք 50 եվրո` տանտիրոջը պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:
Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: