Բաժիններ՝

«Մխիթարյանի տեղափոխությունը կդառնա «Արսենալի» ֆանտաստիկ տրանսֆերը». Ֆիլ Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս՝ ֆուտբոլային փորձագետ Ֆիլ Նևիլը հավանություն է տալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ մանչեսթերյան ակումբից «Արսենալ» տեղափոխվելու հնարավորությանը:

«Ես տեսնում եմ Հենրիխի տեղափոխությունն «Արսենալ», և դա կդառնա ֆանտաստիկ տրանսֆեր թիմի համար: Եթե «Արսենալը» ստորագրի Մխիթարյանին և Օբամեյանգին, ապա կարող է դառնալ լավագույն թիմը, քանի որ կստանա 2 իսկապես գերազանց ֆուտբոլիստներ: Ես Հենրիխի մեծ երկրպագուն եմ, և մենք չտեսանք լավագույն Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մրցաշրջանի սկզբում եղան նրա իսկական խաղի փայլատակումներ, սակայն ես չէի մտածում, որ նա կլինի Մոուրինիոյի թիմի հիմնական կազմում:

Մխիթարյանը պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ նրան կթույլատրեն ծաղկել, և հնարավոր է, «Արսենալը» հենց այդ ակումբն է: Միևնույն ժամանակ՝ ես մտածում եմ, որ դա կլինի սենսացիոն գործարք «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,- ասել է Նևիլը BBC Radio 5 Live-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս