«Այս երկու գործոնները Արմեն Սարգսյանին որոշակի լծակ տալիս են իշխող համակարգի վրա». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, եւ խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է: Ամենայն հավանականությամբ Շարմազանովը նկատի ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որի անունն էլ հենց գրեթե միակը շրջանառվում է այն հատկանիշներից հետո, որ մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ:

Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում, որն, իհարկե, ներկայումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահմանադրորեն ունի 7 տարի նախագահելու իրավունք, մեկ ժամկետով:

Անկասկած է, որ նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կապերը, որ նա ստեղծել է Մեծ Բրիտանիայում երկարատեւ գործունեության ընթացքում, մյուս կողմից՝ նրա այն հանրային դրական ընկալումները, որոնց մասին խոսում էինք 1996-ի նրա մի քանի ամիսների վարչապետության եւ հեռանալու պատմության ոչ պաշտոնական վարկածների կոնտեքստում:

Առաջին հայացքից իշխանական ոչ ազդեցիկ լծակների բացակայությունն իրականում բավականին նուրբ ձեւով զգալիորեն փոխհատուցում են այդ երկու գործոնները: Նախ՝ երկուսն էլ շատ են պետք ներկայիս իշխանությանը, իսկ մյուս կողմից էլ այդ երկու գործոնները Արմեն Սարգսյանին տալիս են, իհարկե, ոչ պաշտոնական, այդուհանդերձ որոշակի լծակ իշխող համակարգի վրա: Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում դե ֆակտո դեսպան է՝ իշխանության դեսպանը միջազգային տարբեր սուբյեկտների մոտ, իշխանության դեսպանը հասարակության մոտ, եւ միջազգային տարբեր սուբյեկտների դեսպանը Հայաստանի իշխող համակարգում:

Իրականում, այդ իմաստով, Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի ինստիտուտը՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում վերածում է ուշագրավ մի «խաչմերուկի»:

Թե լուսացուցային ինչ կարգավորում է լինելու այդ խաչմերուկում, դեռեւս վաղ է ասել, այստեղ շատ բան դեռ անորոշ է եւ պարզ կլինի նվազագույն մասով այն բանից հետո, երբ ապրիլին ամբողջապես կձեւավորվի նոր կառավարությունը:

Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում անհրաժեշտ է բուտաֆորիկ ֆիգուր, որը չի խաղա ինքնուրույն խաղ, եւ որը կլինի հեշտ կառավարելի:

Իրականում, սակայն, այդ հանգամանքը թերեւս փոքր-ինչ կարծրատիպային, իներցիոն եւ չափազանցված տարբերակ է, քանի որ, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր թողնել արտերկրում իր գործունեությունը Հայաստանում բուտաֆորիկ կառավարելիության տակ նախագահ աշխատելու համար:

Սարգսյանի նշանակումը եւ «խաչմերուկի» ձեւավորումը եւս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական համակարգի պարզ բրգաձեւ կառուցվածքի տրանսֆորմացիա եւ վերափոխում ավելի բազմաշերտ եւ բարդ մի համակարգի, ընդ որում՝ ամենեւին չպարփակված հայաստանյան իրականության շրջանակում եւ մասշտաբում, ինչը անկասկած ունի իր թե՛ ռիսկերը, թե՛ առավելությունները, կամ ավելի շուտ՝ առավելությունները պարզունակ համակարգի նկատմամբ, ռիսկերը՝ մինչ այժմ եղած պարզունակ համակարգի պատճառով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս