Բաժիններ՝

«Դերասանուհիներից շատերը միտումնավոր սիլի-բիլի են անում պրոդյուսերների հետ, որպեսզի դեր ստանան…». Բրիջիտ Բարդո

Ֆրանսիացի կինոդերասանուհի, երգչուհի եւ ֆոտոմոդել Բրիջիտ Բարդոն «ծիծաղելի եւ անհետաքրքիր» է համարել իրենց նկատմամբ ռեժիսորների եւ պրոդյուսերների սեռական ոտնձգությունների վերաբերյալ դերասանուհիների հայտարարությունների մեծ մասը: Այդ մասին նա պատմել է Paris Match հանդեսին:

«Դերասանուհիներից շատերը միտումնավոր սիլի-բիլի են անում պրոդյուսերների հետ, որպեսզի դեր ստանան, իսկ հետո իրենց շուրջ խոսակցություններ հրահրելու նպատակով նրանք սկսում են պատմել, որ իրենց հետամտել են,- հայտարարել է Բարդոն:- Ինչ վերաբերում է հենց նրանց, այլ ոչ թե բոլոր կանանց, ապա նման հայտարարությունները մեծ մասամբ երեսպաշտ են, ծիծաղելի եւ անհետաքրքիր»:

Նա նաեւ նշել է, որ երբեք սեռական ոտնձգությունների զոհ չի դարձել, չնայած այն բանին, որ 50-ական եւ 60-ական թվականների սեքս-խորհրդանիշն էր: Խոսքային ոտնձգությունների վերաբերյալ Բրիջիտ Բարդոն հավելել է, որ նույնիսկ վիճելի հաճոյախոսությունները երբեմն իրեն հաճելի են:

Ավելի վաղ ֆրանսիական մտավորականության շուրջ հարյուր ներկայացուցչուհիներ բաց նամակում, որը հրապարակել է Monde թերթը, հանդես են եկել «տղամարդկանց նկատմամբ ատելության» ալիքի դեմ, որն առաջացել է սեռական ոտնձգությունների վերաբերալ նյութերի հրապարակումից հետո: «Բռնությունը հանցագործություն է: Սակայն համառ, երբեմն նույնիսկ անտակտ սիրահետումը հանցագործություն չէ»,-նշում են նամակի հեղինակները:

Նրանց կարծիքով, ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ կապված սկանդալից հետո արդարացված է կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա հատուկ ուշադրություն հրավիրելը:

«Դա անհրաժեշտ է: Սակայն խոսքի այդ ազատությունն այսօր բերում է նրան, որ մեզ ստիպում են խոսել այնպես, ինչպես պետք է՝ հարկադրելով լռել չհամաձայնողներին: Իսկ նրանց, ովքեր հրաժարվում են ենթարկվել այդ պահանջներին, համարում են դավաճաններ, հանցակիցներ»,-ասված է ուղերձում:

Նամակի հեղինակները սեռական ոտնձգությունների դեմ ծավալված շարժման մեջ «սեռական ազատության» սպառնալիք են տեսնում: Ինչպես գրում են ուղերձի հեղինակները, այդ ալիքի զոհեր են դարձել արդեն մի քանի տղամարդիկ, որոնք հարկադրված են եղել պաշտոնաթող լինել այն բանի պատճառով, որ «փորձել են դիպչել կանանց ծնկներին կամ համբուրել նրանց, աշխատանքային ընդմիջումների ժամանակ խոսել են ինտիմ թեմաների շուրջ կամ սեռական բնույթի հաղորդագրություններ ուղարկել»:

«Այդ տենդը… չի օգնում կանանց ավելի անկախ դառնալ, այն, ընդհակառակը, իրականում ծառայում է սեռական ազատության թշնամիների շահերին»,-եզրակացրել են նամակի հեղինակները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս