Շարմազանովը ցինիզմ է որակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցինիզմ է որակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների գործն է, և այնտեղ որևէ քաղաքական հարց չկա: «Այդպիսի հայտարարությունը, նման գնահատականները ոչ այլ ինչ են, քան ցինիզմի բացահայտ դրսևորում: Ցինիզմը, ինչպես կասեր Օսկար Ուայլդը, խոսում է արժեքների բացակայության մասին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքական վերնախավում նման պաշտոնյաների առկայությունն է պատճառը, որ Հայաստանը պետք է շարունակի պայքարը թե Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, թե թուրքական ժխտողականության դեմ: «Ուշ, թե շուտ Թուրքիան ինքն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես իրավացիորեն 1915թ. նշել են Անտանտի երկրները, դա ոչ միայն մեկ ազգի դեմ ցեղասպանություն է, այլ մարդկության դեմ իրականացված հանցագործություն: Մարդկության դեմ իրականացված հանցագործությունները պետք է դատապարտվեն խստորեն: Այդ դատապարտման առաջին դերակատարները պետք է լինեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները, նրանք, ովքեր թելադրում են քաղաքականությունն աշխարհում»,- եզրափակեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս