Բաժիններ՝

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը տոնի հնչեղություն ունենա Հայաստանում». դեսպան Ջոնաթան Լաքոտ

Այսօր Հայաստանում ֆրանսիական դեսպանատան հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտն անդրադարձավ նաև հոկտեմբերին մեր երկրում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովի թեմային:

Դեսպանը նկատեց՝ թե՛ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր ֆակուլտետի բացման, թե՛ Ֆրանսիական միջազգային դպրոցի նոր ուսուցման ծրագրի նպատակը մեկն է՝ գործուն օժանդակություն բերել ֆրանկոֆոնիայի տարածմանը՝ Հայաստանում:

Դեսպանն ընդգծում է՝ առաջին ակնկալիքը, որ կարելի է ունենալ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից՝ ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդումն է հենց Հայաստանում.

«Այս գործում մենք ակնկալում ենք նաև հայկական իշխանությունների ներգրավվածությունը, և սա՝ ի լրումն մեկ այլ փաստաթղթի՝ Լեզվի մասին դաշնագրի պակտի, որ Հայաստանը ստորագրել է 2012 թվականին, երբ ճանաչվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:

Այդ փաստաթղթի ստորագրումով ենթադրվում էր հայկական կրթական հաստատություններում ֆրանսերեն լեզվին հատկացվող դերի խորացում, ինչպես նաև՝ TV5 հեռուստաալիքի հեռարձակման ապահովում, լինի փողոցներում թե մշակութային օջախներում, ավելի մեծ թվով ֆրանսերեն լեզվով բացատրական տեղեկատվական ցուցանակների տարածում և այլն: Այնուամենայնիվ, ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերեն լեզվի կիրառությունը չէ, սա միջազգային քաղաքական կառույց է, որը միտված է խթանելու ժողովրդավարության տարածմանը, մարդու իրավունքների և իրավական պետության կառուցման գործընթացին:

Մեզ համար այս առումով շատ կարևոր է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն այս տարի տեղի է ունենալու հենց Երևանում, իսկ ավելի լայն իմաստով՝ մի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենն ու ֆրանկոֆոնիան այնքան էլ մեծ ճանաչման համարում չունեն: Մեր նպատակը գագաթաժողովի միջոցով ֆրանկոֆոնիայի հեղինակության բարձրացումն է՝ սկսյալ հենց Հայաստանից: Բնականաբար, մեզ համար կրկնակի հետաքրքրություն ունի նախևառաջ ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումը, որպեսզի մեր որդեգրած արժեհամակարգն ավելի մեծ տարածում գտնի այստեղ՝ Հայաստանում և տարածաշրջանում»:

Ջոնաթան Լաքոտը նկատում է՝ մեզ գագաթաժողովից բաժանում է ընդամենը 9 ամիս, բայց մենք բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ մեծածավալ հնչեղության իրադարձության շեմին ենք կանգնած.

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 84 անդամ երկրներ հրավիրված են Հայաստան, այդ թվում նաև՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաև տնտեսական ֆորում, որովհետև ֆրանսերեն լեզուն իրենից ներկայացնում է նաև տնտեսական ինտեգրման բավականին հզոր մի վեկտոր:

Բացի այս, հայաստանյան պատկան մարմինները ցանկություն են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը տոնի հնչեղություն ունենա և ներկայանա՝ որպես մեծ տոն Հայաստանի քաղաքացիների համար: Այս առումով ենթադրում եմ, որ գագաթաժողովը կուղեկցվի մշակութային միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ՝ ինչպես գագաթաժողովից առաջ, այդ ընթացքում, այնպես նաև, հույս ունեմ, դրանից հետո:

Ֆրանկոֆոնիան մի մեծ ճամփորդություն է, որը, բնականաբար, քեզ հնարավորություն է տալիս ընկղմվելու տարատեսակ ու տարաբնույթ մշակույթների մեջ: Երբ սովորում ես ֆրանսերեն լեզուն, բնականաբար, ինքդ քեզ համար որոշ արժեքներ ես բացահայտում և որդեգրում:

Սա քեզ հնարավորություն է տալիս ինքդ քեզ ավելի ներգրավված զգալու և մատչելի կերպով յուրացնելու տվյալ երկրի գիտական, մշակութային և, իհարկե, տնտեսական ոլորտները: Այս առումով թե՛ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր ֆակուլտետի բացումը, թե՛ Ֆրանսիական միջազգային դպրոցի նոր ուսուցման ծրագիրը շատ ակտուալ են դառնում, որովհետև ապագա դիմորդներն ու աշակերտները ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ոլորտին հաղորդակից պետք է լինեն հենց ֆրանսերեն լեզվով:

Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաների զարգացմանը, ապա պետք է նկատեմ, որ դրանք բավականին շարժունակ զարգացում ու մեծ աշխուժություն են գրանցում ֆրանկոֆոն երկրներում՝ ինչպես հենց Ֆրանսիաում, այնպես նաև՝ աֆրիկյան մայրցամաքում:

Մանավանդ այնպիսի մի պահի, երբ Հայաստանն իսկապես ՏՏ ոլորտի առաջատար երկրներից մեկը լինելու համարում ունի, ինձ թվում է՝ կարևոր կլինի, որ այդ ոլորտի մասնագետներն ու ինժեներները կարողանան հենց ֆրանսերեն լեզվով հաղորդակից լինել մասնագիտական նրբություններին, որը համագործակցության ավելի հեռավոր տեսլականներ կբացի երկու երկրների միջև: Ես ընդամենը երեք ամիս եմ Հայաստանում, բայց հիացած եմ ՏՏ ոլորտի զարգացման այն տեմպերով, որ տեսել եմ այստեղ: Ինձ ասել են, որ այստեղ ՏՏ ոլորտի ինժեներների որակը շատ բարձր է գնահատվում, ինչում ես ինքս, չնայած կարճ ժամանակահատվածին, արդեն համոզվել եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս