Մադրիդը միջոցներ կձեռնարկի, որպեսզի Պուչդեմոնը չկարողանա դառնալ Կատալոնիայի ղեկավարը
Իսպանիայի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չկարողանա վերստին ստանձնել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան՝ ելույթ ունենալով COPE ռադիոկայանի եթերում:
«Մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք, որպեսզի Պուչդեմոնի պաշտոնակալությունը չկայանա»,-հայտարարել է Սաենս դե Սանտամարիան: Փոխվարչապետը հավելել է, որ «նա չի կարող լինել Ժեներալիտետի ղեկավար, եւ դա գիտեն մարդիկ, եւ գիտե անկախության շարժումը»:
Սաենս դե Սանտամարիան Կատալոնիայի խորհրդարանի նոր խոսնակ Ռոժե Տորենից ակնկալում է քայլեր, որոնք կհամապատասխանեն Սահմանադրությանը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիան, Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, Մադրիդի ուղղակի կառավարման ներքո կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնավար հանրակցությունում օրինականորեն չի նշանակվել կառավարության նոր ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: