Թրամփի մասին սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում. Hollywood Reporter
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում: Այդ մասին գրել է Hollywood Reporter-ը:
«Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում է միլիոնավոր դոլարների:
Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը, նշում է հրատարակությունը: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքի է հանվել հունվարի 9-ին եւ բեսթսելլեր է դարձել ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը չէր ակնկալում դառնալ ԱՄՆ-ի նախագահ, նրա կինը՝ Մելանյան, շփոթահար էր առաջին տիկինը դառնալու հեռանկարից, իսկ Թրամփի մի քանի խորհրդականներ անհանգստացած էին նախագահի հոգեկան առողջությունից:
Սպիտակ տունը կտրականապես ժխտում է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ է ուղարկել Վուլֆին եւ հրատարակչին՝ պահանջելով կասեցնել գրքի հրատարակումն ու տարածումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: