«Պետք է համարձակ առաջարկություն». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կուտակված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի և տուրքերի պարտավորությունների խնդրին:
Հաշվի առնելով, որ այդ ապառքների տույժերի և տուգանքների հավաքված խնդիրներն ամբողջական լուծումներ չեն ստացել, ըստ վարչապետի, անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որպեսզի խնդիրը լուծվի և կանխվի նման ծավալի պարտավորությունների ձևավորումը: Կ.Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարներին, ՊԵԿ-ին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց ամփոփել և ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտավորությունների մարման մեխանիզմների և նման պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվության միջոցների հստակեցման մասին առաջարկներ:
«Խնդիրն ինչի՞ մասին է. մենք պետք է մի անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք»,- նկատեց Կ.Կարապետյանը` նշելով, որ կան տարիներով կուտակված պարտքեր, և պետք է առաջարկել ճկուն մեխանիզմներ, որ տույժ ու տուգանքներն էլ չգան:
«Այդ իմաստով պետք է հաշվարկված, տրամաբանական և գուցե համարձակ առաջարկություն լինի»,- ասաց վարչապետը: