Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին նիստ է գումարել, որի օրակարգում Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերից սահմանների անվտանգության ուժեր ստեղծելու հարցն էր: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է, որ Թուրքիան թույլ չի տալու իր սահմաններին ստեղծել հատուկ գոտի, որը կգտնվի «ահաբեկիչների վերահսկողության ներքո»: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ձեռնարկելու է ցանկացած քայլ «ահաբեկչական բանակի» ստեղծմանը խոչընդոտելու համար:
Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդի նիստի եզրափակիչ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիայի նախ և առաջ սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրենք ձեռնարկելու են անհապաղ և վճռական քայլեր՝ հնարավոր սպառնալիքներից խուսափելու նպատակով:
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:
Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու այլ պաշտոնատար անձինք:
«Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով: