«Մենակ մարդկանց նախարար» է հայտնվել Մեծ Բրիտանիայի կառավարության կազմում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն, որում նշանակել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական փոխնախարար Թրեյսի Քրաուչին։
«Չափազանց մեծ թվով մարդկանց համար մենակությունը ժամանակակից կյանքի տխուր իրականություն է: Ես ցանկանում եմ պայքարել այդ խնդրի դեմ հանուն մեր հասարակության եւ մեր բոլորի, մենակությունը հաղթահարելու համար օգնել տարեցներին, խնամակալներին, նրանց, ովքեր կորցրել են մերձավորներին, այսինքն այն մարդկանց, որոնք չունեն մեկը, որի հետ խոսեն, կիսեն իրենց մտքերն ու փորձը»,-ասված է Մեյի հայտարարության մեջ:
Բրիտանական «Կարմիր խաչի» տվյալների համաձայն, 9 միլիոնից ավելի բրիտանացիներ (երկրի բնակչությունը 65,6 միլիոն է) հաճախ կամ մշտապես մենակություն են զգում: Բարեգործական կազմակերպությունն այս երեւույթը համարում է «թաքնված համաճարակ»:
Վարչապետը «մենակ մարդկանց նախարարի» պաշտոնն ստեղծել է առողջապահության նախարարությունում՝ մենակության դեմ պայքարի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի հանձնարարականով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: