Բաժիններ՝

«Մարդկանց ո՞նց ասենք, որ պետք է ուտեն ավելի քիչ կարագ, յուղը ճաշի մեջ չգցեն». Արարատ Միրզոյանը՝ վարչապետին

«Հուսով եմ՝ լավ անցկացրեցիք ձեր արձակուրդը»,- դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Մինչ դուք արձակուրդում էիք, խորհրդակցությունների արդյունքում պարզվեց՝ այնքան էլ լավ չէ ամեն ինչ, ու բաներ կան, որ պետք է շտկվեն: Պարզ չէ, թե մոտավորապես որ հարցում է պետք շտկումներ անել և նահանջ անել, որ թանկացումներն այդպես սուր չչոքեն քաղաքացիների բկին»,- հայտարարեց Ա. Միրզոյանը:

Ի պատասխան՝ վարչապետը նախ ասաց, որ ինքն արդեն պատասխանել է այդ հարցին. «Ես պատասխանել եմ այդ հարցին, հարազատներս, հարգելի գործընկերներ, 2.6 տոկոս գնաճ, որ դուք ասում եք՝ չոքել է մեր դռանը, ո՞ր գինն է չոքել մեր դռանը»:

Կ. Կարապետյանը նկատեց, որ գնաճը պարզ էր դեռևս 2016 թվականից. «Մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու, բիզնեսի համար: Ես քիչ առաջ ասացի, որ այս երեք թանկացումներով շատ մեծ խնդիր չի լինելու: Մի տեղ է, որ բեռն ավելանալու է, դա գյուղացու մոտ է, իսկ դրա լուծումը տալու ենք»:

«Հարցը հետևյալն է՝ մարդկանց ո՞նց ասենք, որ պետք է ուտեն ավելի քիչ կարագ, յուղը ճաշի մեջ չգցեն, և այլն»,- շարունակեց Ա. Միրզոյանը:

Վարչապետն ասաց, որ իրենք խոսում են ամենի մասին, որ իրենց պատճառով գին են բարձրացնում. «Այն, ինչ շուկայում է կատարվում՝ կարագ և այլն, դա շուկայի արձագանքն է, և աշխարհի բոլոր երկրներում կարագը թանկանում է»: Ըստ Կ. Կարապետյանի՝ նման թանկացումների դեմ պետք է պայքարել՝ տնտեսությունը զարգացնելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս