«Այժմ այն փուլում ենք, երբ պետք է ապահովենք Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի լավագույնս իրականացումը»

Հայաստանը շատ ուժեղ նվիրում է ցուցաբերել Արեւելյան գործընկերության օրակարգի իրականացմանը, առաջ տանելուն, եվրոպական հարեւանության հետ կապերը ուժեղացնելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այժմ մենք այն փուլում ենք, երբ պետք է ապահովենք Հայաստան-ԵՄ՝ վերջերս ստորագրված համաձայնագրի լավագույնս իրականացումը: Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ՝ պատաստելու մի լավ ճանապարհային քարտեզ, որով կուղղորդվի ամբողջ իրականացումը: Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է ազգային իրականացման մեխանիզմի ուղղությամբ, ինչը շատ կարեւոր է մեզ համար»,-  ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Անդրադառնալով ՀՀ- ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին՝ դեսպանը նշեց, որ ԵՄ-ը լավ սկսեց եւ նախորդ նախագահությունը՝ Էստոնիան, առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին:

«Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Գործընթացի պարզ կամ բարդ լինելը կախված է յուրաքանյչուր երկրի օրենսդրությունից: Մասնավորապես, դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է մանրամասն գործընթաց, ծանր աշխատանք: Մենք լավատես ենք, ամենակարեւորն այն է, որ համաձայանգիրը կարող է սկսել իրականացվել այս տարի, հուսանք գարնանից, սա պահանջում է միայն Հայաստանի կողմից վավերացում: Երբ ընթերցեք համաձայնագրի տեքստը, այնտեղ մի գործընթաց կա, որը սկսելու է գործել ինքնաշխատորեն: Իհարկե, համաձայնագրի որոշ մասեր չի լինի իրականացնել առանց վավերացման շրջանակն ամբողջությամբ ավարտելու, դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց եղած ազդակներից կարող ենք ասել, որ մենք միանգամայն հիմքեր ունենք լավատես լինելու»,- ասաց դեսպանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: Էստոնիան արդեն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս