Միջադեպ՝ ասուլիսի ժամանակ. «Ես Ձեզ դեռ Սանչո չեմ ասել».
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ բանավեճ ունեցան և միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցրին։
Ազատ Արշակյանը «Ելքին» մեղադրեց հարմարվողականության և ընտրության արդյունքներն ընդունելու մեջ. «Բոլոր նրանք, ովքեր հաշվի են նստում ստեղծված իրականության հետ, քարտ-բլանշ են տալիս իշխանությանը»։
Նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի շատ համակրում էր «Ելք» դաշինքին, բայց հրավեր ստացավ ՕՐՕ-ի կողմից. «Ես պատրաստ եմ եղել նաև «Ելքին» սատարել, բայց նրանց կողմից հրավեր չի եղել։ Ես փորձել եմ իմ ընդհանուր ծանոթների միջոցով համագործակցություն ստեղծել, որ «Ելքի» դեմ չլինեմ»։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ Ազատ Արշակյանի քաղաքական գործիչների սերունդը միշտ պատրաստ է հողմաղացների դեմ պայքարել. «Ներկա իրավիճակի հետ հաշվի չնստել` նշանակում է՝ քսանհինգ տարի ձեր տիպի քաղաքական գործիչներով հողմաղացների դեմ պայքարել»։
Արշակյանն ասաց, որ «Ելքը» պետք է բարեփոխում աներ, քանի որ դրա անվանումն էլ է բարեփոխում ենթադրում. «Թատերական իմաստով ճիշտ անուն եք ընտրել, որը լավ է, բայց անընդհատ հաշվի եք նստում ստեղծված իրավիճակի հետ»։
Ազատ Արշակյանը, խոսելով «Ելքի» հրավիրած երթի մասին, ասաց, որ կասկածներ ունի, որ «Ելքը» կարող է ռազմաճակատը լքել, քանի որ ճանաչել են Ազգային ժողովի լեգիտիմությունը. «Երթի օրակարգը դեռևս ձևավորման մեջ է: Այն հայտարարությունը, որ եղել է «Ելքի» կողմից, դա կասկածելի էր, մենք չգիտեինք, թե մեզ ուր են տանելու: Հիմա էլ այս բանավեճը ցույց է տալիս, որ հստակ չեն ձևակերպել իրենց պայքարը. ուր հրավիրում են քաղաքացիներին` վտանգավոր է, կասկածելի է, վստահություն չկա»։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է հաշվի նստել իրողությունների հետ և փորձել ելքեր փնտրել. «Ընտրությունների հետ առաջինը դուք եք հաշվի նստել՝ ձեր ՕՐՕ-ով, քանի որ ոչինչ չեք արել, դուք հանձնվել եք»։
«Դուք հաշվի եք նստել, մենք հանձնվել ենք, զիջել ենք, դուք գործարքի մեջ եք մտել»,- ի պատասխան՝ ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի`դոնքիշոտյան համեմատությանը, Ազատ Արշակյանն ասաց. «Ես Ձեզ դեռ Սանչո չեմ ասել»:
Ազատ Արշակյանը «Ելքին» կոչ արեց ձևակերպել բանաձև, նպատակային թիրախ, որը կդառնա հանրության համար համընդհանուր խնդիր: Նրա գնահատմամբ` «Ելքը» խանդոտ է միշտ եղել, և մյուս քաղաքական ուժերին հրավերն այնպես է արվել, որ չեն ընդունել:
Իսկ Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենք հրավիրել են բոլոր ուժերին և նշել են, որ սա «Ելքի» ակցիան չէ, ով ցանկանում է՝ կարող է համատեղ պայքարին միանալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում