Վրաստանի նախագահը հրաժարվեց ներում շնորհել Սահակաշվիլիին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պլանավորում ներում շնորհել Միխեիլ Սահակաշվիլիին, որը բացակա դատապարտվել է հայրենիքում: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք է ներում շնորհեմ Սահակաշվիլիին:
Դատախազությունը չի կարողանում որոշել, թե ինչպես առաջադրի մեղադրանքը, ինչպես վարի հետաքննությունը, դատավորը չի կարողանում որոշել ներման հոդվածի անօրինական կիրառման սահմանը: Եվ ի՞նչ, Վրաստանի նախագահը պետք է ներու՞մ շնորհի եւ դրանով իսկ ուղղի՞ նրանց սխալները»,- վրդովվել է Մարգվելաշվիլին:
Նա Սահակաշվիլիին մեղադրել է ներկայիս համակարգի ստեղծման մեջ, որտեղ դատախազությունը եւ դատարանը «գործում են հին ավանդույթներով», եւ նոր իշխանությունն ի վիճակի չէ վերացնելու այն: Հունվարի 5-ին Վրաստանում Սահակաշվիլիին մեղավոր են ճանաչել պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների չարաշահման մեջ եւ բացակա դատապարտել են երեք տարվա բանտարկության: