ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անթույլատրելի է համարել հակամարտությունների շարունակումը Եվրոպայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 գերակա ուղղությունները: Դրանց թվում նա ներառել է Ուկրաինայում, Սիրիայում եւ այլ թեժ կետերում ճգնաժամերի կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի գլոբալ փոփոխմանը դիմակայելը եւ միգրացիայի խնդիրների լուծումը։
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը կոչ է արել բուժել «այն կաթվածահարությունը, որը հանգեցրել է եվրոպական հակամարտությունների սրմանն ու սառեցմանը»: «Հաշվի առնելով այն, որ այնտեղ են սկսվել երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ ուշադրության առնելով Եվրոպայի ռեսուրսներն ու ներուժը, չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունները շարունակվեն տարածաշրջանում»,-ընդգծել է նա:
Գուտերիշի խոսքով՝ տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու համար «հարկավոր է հակահարված տալ ազգայնականության վտանգավոր ալիքին, ինչպես նաեւ նոր եռանդ հաղորդել միջնորդական նախաձեռնություններին, ներառյալ «նորմանդական ձեւաչափը» եւ Արեւելյան Ուկրաինայի գծով եռակողմ շփման խումբը, Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, Վրաստանին վերաբերող ժնեւյան միջազգային քննարկումները եւ Մերձդնեստրի խնդրով «5+2» ձեւաչափը»:
Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է Արեւմտյան Բալկաններում հակամարտությունների երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ «կենտրոնացված ջանքերի» անհրաժեշտությունը: «Ես կոչ եմ անում Եվրոպայի ղեկավարներին՝ ցույց տալ, որ աշխարհամասը կարող է ապրել ընդհանուր բարգավաճման եւ խաղաղ գոյակցության իր իդեալներին համապատասխան»,-ընդգծել է Անտոնիու Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: