Նազարբաևը և Թրամփը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը
ԱՄՆ-ի եւ Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Նուրսուլթան Նազարբաեւը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը մի շարք բնագավառներում:
Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: «Նախագահ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ քննարկելու ԱՄՆ-ի եւ Ղազախստանի միջեւ ռազմավարական գործընկերության ուժեղացումը»,- ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
«Ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը քաղաքական հարցերի եւ անվտանգության հարցերի շուրջ, առեւտրում եւ ներդրումների ոլորտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանը 2,5 մլրդ դոլար գումարի ամերիկյան արտադրանք ու ծառայություններ է գնել երկրի նախագահ Նազարբաեւի Վաշինգտոն կատարած այցի արդյունքում: Նաեւ նշվել է, որ ԱՄՆ-ը եւ Ղազախստանը շարունակում են համագործակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:
2016 թվականին երկկողմ առեւտրի ծավալը հասել է 1,9 մլրդ դոլարի: Իր հերթին, Նազարբաեւի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանի նախագահի ԱՄՆ այցի ընթացքում 20-ից ավելի համաձայնագրեր են ստորագրվել ներդրումային եւ առեւտրատնտեսական համագործակցության մասին, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 7 մլրդ դոլար: