ՊՆ-ի հետ պայմանագրի մերժումը հիասթափեցրել է սահմանամերձ գյուղում գործարանի հիմնադիրներին և բնակիչներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում են գերատեսչությունների փոխնախարարները:
Հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով, պարզվում է, քիչ գործ չի արել ոգևորելու համար, որ սահմանամերձ համայնքներում փոքր ձեռնարկություններ ստեղծվեն:
Ստեղծվելուց հետո, սակայն, ձեռնարկատերերից ոմանք հայտնվել են անհասկանալի իրավիճակում, քանի որ նախնական պայմանավորվածությունները մնացել են օդում կախված:
Տավուշի մարզի Կոթի համայնքը, որն Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի, սահմանամերձ մյուս համայնքների նման կանգնած է դատարկվելու վտանգի առջև: Եվ որպեսզի համայնքին նման բան հանկարծ չպատուհասի, սահմանամերձ գյուղում սոցիալական և այլ խնդիրներ լուծելու նպատակով Ռուդիկ Գանջալյանը, ով իր եղբայրների հետ Երևանում հիմնել էր «Գանջալյան եղբայրներ» պահածոյացված մսի արտադրության գործարան, որոշում է կայացրել այլ կոթեցիների հետ մսի պահածոյի գործարան հիմնել: Կոթիում թշնամու հենակետից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա կառուցված գործարանի հիմնադիր տնօրենն է:
Գործարանի գտնվելու վայրը սակայն, ամենևին էլ չի խանգարել, որ բավականին ներդրում իրականացնեն և զրոյից գործարան հիմնեն:
«Մենք մեր արտադրանքը ներկայացրեցինք պաշտպանության նախարարությանը: Նրանք շատ հավանեցին և սկսվեց մի գործընթաց, որի արդյունքում պետք է մեր ընկերության և նախարարության միջև պայմանագիր կնքվեր, բայց մի քանի օր առաջ տեղեկացա, որ այդ ծրագիրը մերժվել է: Ես շատ զարմացա, քանի որ նախարար Վիգեն Սարգսյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տրամադրվածությունը շատ լավ էր այս նախագծի հանդեպ: Եվ ամեն ինչ տանում էր նրան, որ պետք է անպայման մատակարարման պայմանագիր կնքվի, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե կառավարությունն ինչու է մերժել այդ ծրագիրը»,- ասաց Ռ. Գանջալյանը:
ՊՆ-ի հետ կապը բավականին բարձր մակարդակի վրա է եղել: Գործարանի հիմնադիր տնօրենը շատ զգացված է նաև ՊՆ-ի աշխատակիցների շփման ձևից ու որակից, սակայն նրան հետաքրքրում է, թե նախարար Վ. Սարգսյանը, ով նաև վերը նշված հանձնաժողովի նախագահն է, տեղյա՞կ է այդ մասին, թե ոչ:
«Փաստի» թղթակցի հետ զրույցում Ռ. Գանջալյանը հույս հայտնեց, որ ամենայն հավանականությամբ նախարարն այդ որոշման մասին տեղյակ չէ, հակառակ դեպքում պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեին:
Ընկերության արտադրանքը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Հայաստանում իրականացված լաբորատոր փորձաքննությունը նույնպես հաստատել է արտադրանքի բարձր որակ ունենալու հանգամանքը: Այսինքն, խնդիրը որակը չէ, այլ ձեռնարկատիրոջ համար անհայտ մի պատճառ, որի մասին առայժմ ոչինչ չգիտի:
«Մեր ընկերությունը նոր է հիմնադրվել: Եվ քանի որ 3 տարվա գործունեություն դեռ չունի, չէր կարող մասնակցել armeps համակարգի միջոցով կազմակերպվող մրցույթին: Այդ պատճառով, «Ազգ–բանակ» ծրագրի շրջանակներում պետք է հատուկ կառավարության որոշում կայացվեր, որ ՊՆ–ի պահանջարկի որոշ մասը մեր ընկերությունը իրականացներ, որը փաստորեն մերժվել է»,- ասաց Ռուդիկը:
Նա «Փաստին» տեղեկացրեց նաև, որ կառավարության որոշման տպագիր տարբերակն անգամ իրեն չեն ներկայացրել և այդ մասին ինքն իմացել է բանավոր, հարցուփորձի միջոցով: «Քանի որ ողջ գործընթացը գրավոր է իրականացվել, ավելի արժանապատիվ կլիներ, որ ինձ գրավոր պատասխան ուղարկեին: Ոչ թե ես տարբեր ճանապարհներով իմանայի այդ մասին: Միայն բանակի հետ չի, որ հույս ենք կապել, քանի որ մեր արտադրանքի որակը բավականին բարձր է և ամբողջ Հայաստանում է վաճառվում:
Մոտ օրերս նաև մեր արտադրանքի արտահանման թույլտվություն կստանամ: Եվ եթե հիմա արտադրում ենք շոգեխաշած տավարի մսի տեսականի, ապա հնարավոր է, որ հետագայում՝ նաև պահածոյացված մուրաբաներ»,- ասաց Ռուդիկ Գանջալյանը: Խնդիրն այն է նաև, որ ՊՆ-ի հետ աշխատելու հույսով բավականին վարկ են վերցրել և գործարանը երկու անգամ ընդլայնել: Կարճ ասած, բավականին ներդրում են իրականացրել բանակի համար որակյալ սնունդ մատակարարելու պայմանագիր ստորագրելու համար, բայց եթե իմանային, որ կառավարությունը նման որոշում է կայացնելու, նման ծախս չէին անի ու վարկային բեռի տակ չէին մտնի:
«Վարկավորման իմաստը ՊՆ-ի հետ աշխատելն է եղել, բայց հիմա ես ինձ մի քիչ խաբված եմ զգում: Նաև վատ եմ զգում, որ մատակարարման պայմանագրի մերժման կառավարության որոշումը մի քանի ամիս առաջ է եղել, բայց մեզ այսքան ժամանակ ոչինչ չեն ասել: Եվ ցավալին այն է, որ ես մինչ օրս դեռ նոր կառուցված գործարանի վրա աշխատանք եմ իրականացնում, ներդրումներ անում, բայց փաստորեն ամիսներ առաջ արդեն մերժումը եղել է: Ես չեմ կարծում, որ բանակը պարտադիր պետք է գար կամ օգներ մեզ, մեր արտադրանքը գներ, բայց կան էթիկայի կանոններ, որոնք չեն պահպանվել: Եվ դա է, որ մեղմ ասած ճիշտ չեմ համարում»,- ասաց Ռուդիկը:
Սահմանամերձ համայնքում փաստորեն նա 5 կայուն աշխատատեղ է ստեղծել: Գործարանի շինարարության ժամանակ էլ բավականին աշխատատեղեր են ստեղծվել: Գյուղացիներից շատերը նույնպես հույսով սպասել են, որ գործարանը կմեծանա ու իրենք էլ աշխատանք կունենան:
«Եթե բանակի հետ աշխատեինք, մեզ մոտ աշխատատեղերը կրկնակի կավելանային, բայց այն մարդիկ, ովքեր հույսով սպասում էին, արդեն ինքնաթիռի տոմս են գնել ու շուտով կմեկնեն Հայաստանից: Բայց ես գործարանի շահագործման այլ ուղիներ եմ մտածում, որպեսզի այն բազմապրոֆիլ դարձնեմ և արտադրանքը ԵԱՏՄ-ի շուկայում վաճառեմ»,- ասաց Ռ. Գանջալյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: