Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած գիշեր Արցախում մահացած Հարություն Վանյայի Խաչատրյանը, մեր տեղեկություններով ինքնասպանություն է գործել ընտանեկան խնդիրների պատճառով: Նա ինքնասպանություն է եղել՝ ինքնաձիգից կրակելով կզակին:
Ինչպես տեղեկացրել ենք, մահացած զինծառայողը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանը մեր զրույցում, սակայն, պնդեց, թե Հարություն Խաչատրյանը ներընտանեկան խնդիրներ չի ունեցել. «Ասում են՝ ինքնասպանություն է, բայց թե ինչ, ոնց՝ պետք է փորձաքննությամբ պարզվի: 100 տոկոս բացառվում է, որ ընտանեկան խնդիրներ ունենար, որովհետեւ շատ նորմալ ընտանիք, է հնարավոր չի դա: Անհնարին բան է էդ ընտանիքում վիճաբանություն լինի: Ճիշտ է, իրենք մի տարի է Ստեփանակերտ են ապրում, բայց էդ երեխան մեր դպրոցում է սովորել, հնարավոր չի: Գյուղում շրջանառվող վարկածներն ուղղակի չեմ ուզում ձեզ փոխանցել, տարբեր բաներ են ասում, բայց դեռ կոնկրետ որեւէ բան հայտնի չէ»,- ասաց Ալավերդյանը: Նրա խոսքով՝ Հարություն Խաչատրյանը 6 ամիս Լուսակերտում է ծառայել. «Սերժանտական է սովորել, որպես սերժանտ մի քանի օր է, ինչ անցել էր ծառայության, նոր էին տեղափոխել Արցախ»,- հավելեց գյուղապետը:
Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Մահացած զինծառայողը ուներ մեկ քույր (14 տարեկան) եւ մեկ եղբայր (10 տարեկան): Նրա հայրը զինվորական է, կոչումով գնդապետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: