Բաժիններ՝

Մահացել է Oh Happy Day երգի հեղինակ Էդվին Հոքինսը

74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ Էդվին Հոքինսը, որն առավել հայտնի է որպես հոսփել ժանրի Oh Happy Day երգի հեղինակ: Այդ մասին հայտնել է NME-ն: Մահվանից առաջ Հոքինսը պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:
Հոքինսն իր գլխավոր հիթն ստեղծելիս օգտագործել է 18-րդ դարի կեսերի O Happy Day անգլիական եկեղեցական օրհներգը, That Fixed My Choice-ը եւ 19-րդ դարի կեսերին բրիտանացի երգեհոնահար Էդվարդ Ռիմբաուլթի հեղինակած մեղեդին:

1967 թվականին ձայնագրված քավերը տեղ է գտել Edwin Hawkins Singers երաժշտական խմբի Let Us Go Into the House of the Lord դեբյուտային սկավառակում: Կոմպոզիցիան շատ մեծ ժողովրդականություն է վայելել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Թրեքը կատարողին բերել է «Գրեմմի» երաժշտական մրցանակ եւ դարձել հոսփել ժանրի առավել մեծ տարածում ստացած երգերից մեկը:

Oh Happy Day-ը դարձել է բազմաթիվ ֆիլմերի սաունթրեքը, ինչպես, օրինակ, «Գործի՛ր, քույր 2», «Մեծ մայրիկի տունը», «Խելառ պրոֆեսոր 2. Քլամփների ընտանիքը» եւ «Արտոնագիր՝ ամուսնության համար» ժապավենները: Իրենց ստեղծագործության վրա երգի ազդեցության մասին պատմել են Ջորջ Հարիսոնը The Beatles խմբից եւ Նիք Քեյվը:

Իր կարիերայի ընթացքում Հոքինսը թողարկել է ավելի քան 30 ալբոմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս