«Պարզ էր, որ մեր քաղաքացիները պետք է ավելի վատ ապրեն. ունենք մինիմում 15 տոկոս գնաճ». Վահագն Խաչատրյան
«Պարզ էր, որ թանկացումներ են լինելու․ բյուջեն թանկացումների բյուջե էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նա նկատեց՝ եթե այս տեմպերով գնանք, ապա բենզինի հետ կապված՝ առաջիկա 2 ամսում որևէ գնանկում տեղի չի ունենա. «Պետք է հաշվի առնել Հայաստանի տնտեսության մոնոպոլ վիճակը։ Բենզինի կամ դիզելային վառելիքի հետ կապված՝ կա «ՌոսՆեֆտը», որտեղ էլ ուրիշ խնդիր կա՝ Ռուսաստանում հիմա 10 տոկոսով ավելացել է նավթամթերքի ակցիզը, հիմա մի հատ էլ է ավելանալու։ Դա կազդի նաև այնտեղից արտահանման վրա»։
Տնտեսագետը հիշեցրեց, որ, երբ ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությունը հրապարակեց, ասաց, որ առաջին եռամսյակի համար դրանք լինելու են սահմանային, այսինքն՝ 4+1.5 սահմաններում.
«Այսինքն՝ ԿԲ-ն ասում է՝ անհանգստանալու խնդիր չկա, իրենք ամեն ինչին տիրապետում են, վերահսկում են, բայց այդ ամենի մասին մասնագիտական առումով քննարկումներ ԱԺ-ում չի եղել։ Այսինքն՝ իրական պատկերը հայտնի էր դեռևս այն ժամանակ: Հիշո՞ւմ եք, ԱԺ-ում երբ ՀՀԿ ներկայացուցիչներն ասել էին, որ ՀՀ քաղաքացին չի աղքատանա, նրա կյանքը չի վատանա, նա կարտոֆիլ է ուտում։ Իրականում ամեն ինչ պարզ էր, որ մեր քաղաքացիները պետք է ավելի վատ ապրեն։ Իրականում 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում ցանկացած տեսակի թանկացում չի կարող ուղղակի անտեսվել։ Եթե նեղացնենք այս 470 ապրանքային խմբերը, դարձնենք 70, կստացվի, որ ունենք մինիմում 15 տոկոս գնաճ, սա է պատճառը, որ իրականում դժգոհությունները շատ են»։