Բաժիններ՝

Հայաստանի մի խումբ սիրիահայ ուսանողներ երախտագիտության նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ հավաքվել էին մի խումբ սիրահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագիտության նամակ առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել Սիրիային պատերազմական դժվար տարիներին երկիրն ազատագրելու եւ ժողովրդին օժանդակելու հարցում: Նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակակական կազմակերպությունն էին:

Հայաստանում Սիրիայի ուսանողական միության նախագահ Ջուլիա Փամփալյանը նշեց, որ ակցիային մասնակցում են Սիրիայից Հայաստան ժամանած գրեթե բոլոր ուսանողները:

«Ես Հալեպ քաղաքից եմ, եկել եմ Հայաստան 2012 թվականին: Սովորում եմ Հայաստանի բժշկական համալսարանում: Ես Սիրիայից դուրս եկա, որովհետեւ այնտեղ վտանգավոր էր: Ահաբեկչական շարժումներն էին սկսվել, նրանք ամենուր էին, մտնում էին համալսարաններ, եկեղեցիներ, նրանք խփում էին ամեն տեղ: Հարազատներս հիմա Սիրիայում են, մենք ունեցանք 3 երիտասարդ զոհ, այժմ այնտեղ ամեն ինչ փլված է: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Հայաստանին, քանի որ Հայաստանը եւս աջակցություն է ցուցաբերել՝ մթերք ուղարկելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նասրի Նասրին նույնպես Հայաստան է ժամանել 2012 թվականին, սովորում է Ֆրանս-հայկական քոլեջի ատամնատեխնիկական ֆակուլտետում: Հարազատները Սիրիայում են, միայն հորեղբայրն է Հայաստանում:

«Երեք տարի առաջ, երբ գնացի հետ, վատ էր վիճակը, բայց այս ամառ էլ էի գնացել այնտեղ, վիճակն ահագին բարելավվել էր: Այս տարի ավարտում եմ համալսարանը եւ վերադառնում եմ հարազատներիս մոտ»,-նշեց նա:

Միության նախագահը երախտագիտության նամակը փոխանցեց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խորհրդական Ալեքսանդր Վասիլյովին, ով իր հերթին խոստացավ նամակը փոխանցել դեսպանին եւ նշեց, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցությունը՝ այժմ հատկապես շեշտը դնելով հումանիտար ուղղության վրա:

«Ամենակարեւորը վերածնունդն է այդ երկրի, որը հեշտ խնդիր չէ: Կարծում ենք, որ մենք՝ բոլորս, այդ թվում՝ Հայաստանի օգնությամբ կկարողանանք այդ դժվար խնդիրը հաղթահարել»,-նշեց խորհրդականը:

Բացի Սիրիայի ուսանողական միությունից, երախտագիտության նամակին միացել են նաեւ «Ազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն, «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ-ն, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցացիան, Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորումը, ինչպես նաեւ «Զարգացում» հասարակական շարժումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս