Amazon-ում The Cranberries-ի ալբոմի վաճառքներն ավելացել են 900000 տոկոսով
Իռլանդական The Cranberries ռոք խմբի վերջին ալբոմի վաճառքները խմբի մեներգչուհի Դոլորես Օ՛Ռիորդանի մահից հետո Amazon-ի չարթում ավելացել են 900000 տոկոսով: Այդ մասին գրել է Daily Mail թերթը:
Հունվարի 15-ին հայտնի է դարձել, որ Օ՛Ռիորդանը 46 տարեկան հասակում վախճանվել է Լոնդոնում: Կատարողի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա Լոնդոնում էր գտնվում ձայնագրությանը մասնակցելու համար: Շարունակվում է փորձաքննությունը երգչուհու մահվան պատճառները պարզելու համար:
«Խմբի՝ Something Else անվանումը կրող վերջին ալբոմը՝ Օ՛Ռիորդանի մասնակցությամբ, Amazon-ի չարթում առաջին տեղն է զբաղեցրել այն բանից հետո, երբ ալբոմի վաճառքներն 913350 տոկոսով անսովոր բարձր աճ են արձանագրել»,- նշում է հրատարակությունը:
Չարթում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Օ՛Ռիորդանի Are You Listening սոլո ալբոմը: Երրորդ եւ չորրորդ դիրքերը նույնպես զբաղեցնում են իռլանդական խմբի ալբոմները: Դոլորես Օ’Ռիորդանը The Cranberries հանրաճանաչ ռոք-խմբի վոկալիստուհի էր 1990 թվականից: 1994 թվականին խումբը ձայնագրել է Zombie կոմպոզիցիան, որը հռչակ բերեց կոլեկտիվին եւ 1995 թվականին ստացավ MTV հեռուստաալիքի Եվրոպական երաժշտական պարգեւը «Լավագույն երգ» անվանակարգում: Խմբի վերջին ալբոմը՝ Something Else անվանումով, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: