Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ-ում
Սերբիայի պատվիրակությունն ընդհատում է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:
Այդ մասին հունվարի 16-ին Tanjug գործակալությանը հայտարարել է Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը: «Օլիվեր Իվանովիչի սպանությունն ահաբեկչական գործողություն է, որի նպատակը Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրության ապակայունացումն է, դա հարձակում է ողջ սերբ ժողովրդի վրա:
Օլիվեր Իվանովիչի սպանության կապակցությամբ դադարեցնում ենք բանակցությունները եւ անհապաղ վերադառնում Բելգրադ»,-գործակալությոոնը մեջբերում է Ջուրիչի հայտարարությունը, որը նա արել է Բրսուսելում: Ինչպես արդեն տեղեկացվել է, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16-ին սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում: Նա հրազենային վերքեր է ստացել:
Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները փորձել են նրան փրկել, բայց՝ ապարդյուն: Կոսովոյի ոստիկանությունը հաստատել է մահափորձի փաստը: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մահափորձը կատարվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր կուսակցության շենք:
Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն էր, անցյալում Սերբիայի կառավարությունում զբաղեցրել Է Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նա դատապարտվել էր ինը տարվա բանտարկության, բայց ավելի ուշ ազատ էր արձակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: