«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ մի կողմ թողնել բոլոր խոսակցություններն ու օգնել մեր Ալբերտին». ապրիլյան պատերազմի մասնակիցներ
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ մի կողմ թողնել բոլոր խոսակցություններն ու օգնել մեր Ալբերտին, որովհետև շատ կարևոր հարց է սա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ նախագահ, վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի մարտական ընկեր Մանուել Մանուկյանը։ Նա նշեց, որ Ալբերտը ևս շատ էր ցանկանում հանդիպել լրագրողների հետ, բայց առողջական վիճակը թույլ չի տվել։
«Ալբերտի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս մի քանի օրվա ընթացքում իր համար այդքան գումար տվեցին։ Հայ ազգը ցույց տվեց, որ կարող է միավորվել և օգնել իր զինվորին։ Ալբերտի մայրիկը վաղուց էր հաշվեհամար բացել, բայց ամեն ինչ այնքան դանդաղ էր ընթանում, որ հույսը գրեթե մարել էր, մինչև որ արձագանքեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Ալբերտի ընդհանուր բուժման համար անհրաժեշտ է 45 հազար եվրո, որը մոտ 49 հազար դոլար է։ Արդեն 30 հազար դոլար հավաքվել է, և մոտ 19 հազար դոլար պետք է։ Ալբերտի մայրիկի հաշվեհամարին եղել է 500 հազար դրամ։ Ալբերտի մայրիկը հաշվետվություն դեռ ներկայացնելու է հանրությանը, իսկ այսօր մեր առաջնային նպատակն Ալբերտի բուժումն է»,- ասաց նա։
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը նույնպես ունի առողջական լուրջ խնդիրներ։ Առաջիկայում նրան սպասվում է գլխի վիրահատություն, բայց այսօր եկել էր սատարելու Ալբերտ Դալլաքյանին. «Կոչ ենք անում ժողովրդին՝ իրենց հնարավորությունների չափով օգնել մեր ընկերոջը, որպեսզի լիարժեք առողջանա»։
Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունն առաջնային էր համարում ապրիլյան պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը. «Նրա վիրավորումը կապված է գլխի հետ ու ծանր է։ Հայաստանում նրա վիրահատությունը կարող են կատարել, բայց բարդություն կառաջանա, ռիսկը մեծ է։ Մենք ուզում ենք մեր հայ ազգին կոչ անել, որ օգնեն մեր Ալբերտ Դալլաքյանին, որ նա արտասահմանում վիրահատվի»։
Դանիելի աջակողմյան գանգոսկրի պրոթեզավորումը Հայաստանում են կատարել, բայց առջևում մեկ վիրահատություն էլ կա. «Մարմնիս բոլոր հատվածներում ունեմ բազմաբեկորային վնասվածքներ, այս ամռանը նորից պետք է վիրահատվեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում