Ադրբեջանում տղամարդը ինքնահրկիզվել է
Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news.az –ը:
Ինքնահրկիզման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ոստիկանները ցանկացել են նրա մեքենան տեղափոխել ոստիկանության տուգանային հրապարակ:
Սեխբյատովի մեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու պատճառ է հանդիսացել վարորդի առանց բանկի կողմից տրամադրված լիազորագրի այն վարելը:
Սեխբյատովը չէր կարողացել մարել բանկային պարտքերը, և նրա մեքենան դատարանի որոշմամբ կալանքի տակ էր վերցվել:
Սեխբյատովը որպես բողոքի նշան տեղում իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:
Ոստիկաններին և դեպքի վայրում հավաքված մարդկանց հաջողվել է մարել կրակը, ինչից հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Տղամարդու վիճակը գնահատվել է միջին աստիճանի ծանրության, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական հոգեբանների կարծիքով, ինքնասպանությունների, այդ թվում ինքնահրկիզման թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով:
2018-ի հունվարի 10-ին բանկին ունեցած պարտքերի պատճառով Ադրբեջանի Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովն ինքնահրկիզվել էր շրջանային դատարանի շենքի առջև:
2017 թ. մայիսին Ադրբեջանում գործող Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի առջև Բաքվի քաղաքացի Ռամիզ Մանաֆովը ինքնահրկիզվել էր բանկին ունեցած պարտքերի պատճառով: