«Մեկնաբանության տեղ էլ չկա, ամնե ինչ շատ պարզ է». Էդմոն Մարուքյանը` Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ դեռևս ժամանակ կա, և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կարող են միանալ ու սատարել իրենց առաջարկած նախագահի թեկնածուին:

«Դա «Ծառուկյան» դաշինքի գործն է, ում կուզեն՝ կսատարեն: Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջարկել ենք առաջադրել, եթե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները միանան, դեռևս ժամանակ կա, 26 ստորագրություն է պետք, մենք կունենանք նախագահի թեկնածու, որը կլինի այլընտրանքային: Եթե դա տեղի չունենա, ապա առաջին փուլով նախագահի ընտրությունը կավարտվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավորը:

Հարցին` արդյոք սխալ ընտրություն չէր արե՞լ «Ելքը» և սխալ դաշնակցի՞ց չէր ակնկալում սատարում, Է.Մարուքյանը պատասխանեց, որ իրենք օգտվել են խորհրդարանական մեխանիզմներից, և որպես ընդդիմադիր խմբակցություն՝ ունեն տարբեր առաջարկություններ` դիմելու ՍԴ, և այլ նախաձեռնություններ, որի համար հարկավոր են ստորագրություններ, որոնց, եթե «Ծառուկյան» խմբակցությունը չի միանում, գնահատականն ի վերջո տալիս է քաղաքացին. «Մենք սխալ հաշվարկ չենք արել»:

Է.Մարուքյանը նշեց, որ իրենք աջակցել են «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած հարկային փոփոխություններին, եթե անհրաժեշտ լիներ իրենց ստորագրությունները, ապա իրենք կրկին կմիանային:

Կարդացեք նաև

«Եթե իրենք ունեին թեկնածու, ես կարծում եմ, կարող էին ասել` եթե դուք Արտակ Զեյնալյանին եք առաջադրել, բայց մենք ունենք թեկնածու, որն այսինչ այսինչյանն է, մենք, կարող է՝ քննարկում էինք, ասում էինք` ձեր թեկնածուն ավելի լավ շանս ունի, և կպաշտպանեինք իրեն: Բայց չի եղել նման առաջարկ: Իրենք ասել են` մենք թեկնածու չունենք, ձեր թեկնածուին էլ չենք աջակցում, որ առաջադրվի, այսօր էլ ասում են, որ չի բացառվում, որ ՀՀԿ թեկնածուին աջակցեն: Կարծում եմ` մեկնաբանության տեղ էլ չկա, ամնե ինչ շատ պարզ է»,- ասաց Է.Մարուքյանը` հավելելով, որ իրենց համար անակնկալ չէր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:

Նա չհերքեց և չհաստատեց, որ կարող է՝ իրենք էլ պաշտպանեն ՀՀԿ թեկնածուին. «Մենք այս պահին ունենք մեր թեկնածուն: Եթե հնարավորություն լինի, դեռևս ժամանակ կա, մենք անպայման կառաջադրենք Արտակ Զեյնալյանին»:

Պատգամավորը նշեց, որ ամեն դեպքում ցանկացած թեկնածուի հարց քննարկվելու է, այդ թվում` ՀՀԿ-ինը, քանի որ, եթե «Ելքը» դեմ լինի, պետք է ասի, թե ինչու է դեմ:

Տեսանյութեր

Լրահոս