Բաժիններ՝

Ստամբուլում Պոլսո Հայոց պատրիարքին նվիրված համերգ կկազմակերպվի

Ստամբուլի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում հունվարի 20-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին նվիրված համերգ կկազմակերպվի: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Համերգը կազմակերպվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի հովանու ներքո: Դրա շրջանակում հայ համայնքից ելույթ են ունենալու սոպրանո Կարին Չուբուքչյան Բոզքուրթը, Աննա Գևորգյան Ուղուրլույանը և այլոք:

Համերգի ընթացքում կատարվելու են նաև Կոմիտաս վարդապետի և Մակար Եկմալյանի գործերը:

Մեսրոպ Մութաֆյանը պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից, սակայն 2008 թվականի մայիսից հիվանդության պատճառով այլևս չի շարունակում պաշտոնավարումը: Ներկայում նա շարունակում է ապրել միայն բժշկական սարքերի միջոցով:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ ժողովական հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս