Ոչ մի փոխզիջում. Թրամփին բարդ շաբաթ է սպասվում
«Անչափահաս ներգաղթյալների եւ սահմանային անվտանգության հարցով համաձայնությունը հասանելի է»։ Երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ սենատոր Չակ Շումերն անցած շաբաթ այս խոսքերով ելույթ էր ունենում Սենատում, գործարքն իրոք հասանելի էր թվում, սակայն, ժամեր անց նախագահ Թրամփի ենթադրյալ կոշտ հայտարարությունը Հաիթիի նման աղքատ երկրների վերաբերյալ փոխեց իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ես լսել եմ նրա խոսքերը, պարզ լսել եմ: Նախագահն այդ գռեհիկ բառերը կրկնեց մի քանի անգամ»։Դոնալդ Թրամփը ժամեր անց հերքեց դեմոկրատ սենատոր Դրբինի այս խոսքերը, սակայն, քննարկումն արդեն սկսվել էր:
«Այս ամենը շատ տխուր է: Կարծում եմ՝ նա ռասիստ է», – ասում է դեմակրատ կոնգրեսական Ջոն Լյուիսը:
Այժմ հարցականի տակ է անչափահաս ապօրինի ներգաղթյալների եւ սահմանների պաշտպանվածության ամրապնդման վերաբերյալ օրենքի նախագիծը, որն առանց դեմոկրատների աջակցության հնարավոր չէ անցկացնել: Հանրապետական սենատոր Դեյվիդ Փրդյուի խոսքով, հանրապետական մեծամասնությունը ցանկանում է փոխզիջման հասնել.
«Հանրապետականներն ու դեմոկրատները ցանկանում են կարգավորել խնդիրը, սակայն, ցանկանում ենք գտնել մի լուծում, որ հինգ տարի անց ստիպված չլինենք նույն իրավիճակին առնչվել»:
Նոր իրավիճակում դեմոկրատներից շատերը, կոնգրեսական Լյուիսի օրինակով, կապում են անչափահաս ապօրինի ներգաղթյալների՝ ԴԱՔԱ-ի օրենքը կառավարության ֆինանսավորման հետ, որի երկարաձգման վերջնաժամկետն է հունվարի 19-ը.
«Ես օրինակ կառավարության ֆինանսավորման համար չեմ քվեարկելու, մինչեւ ԴԱՔԱ-ի հարցում համաձայնության չգանք»:
Հանրապետականները սենատոր Ֆլեյքի նման լավատես են մնում. Նրանք համոզված են՝ փոխզիջման հնարավորությունը դեռ չի փակվել.
«Մենք փորձում ենք փոխզիջման հասնել, որը, կարծում եմ, դուք այս շաբաթ կտեսնեք»:
Նախագահ Թրամփն այդ լավատեսությունն ակնհայտորեն չի կիսում։ Իր վերջին թվիթերից մեկում նախագահն ազդարարել է՝ «ԴԱՔԱ-ն հավանաբար վախճանվել է, քանի որ դեմոկրատներն այն իրականում չէին ուզում»: