
«Հայաստանում ահաբեկչությունների դեմ բավականին լուրջ գործողություններ են կատարվում, որոնք գաղտնի են պահվում». Փոխնախարար

Ազգային ժողովում քննարկվում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով: Ներկայիս օրենքով՝ ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ղեկավարումը վերապահված են ՀՀ նախագահին: Օրենքի այս փոփոխությամբ այդ լիազորությունները վերապահվում են ՀՀ վարչապետին:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե Հայաստանն ի՞նչ գործողություններ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց.
«Բավականին լուրջ գործողություններ կատարվում են, որոնք գաղտնի են պահվում: Այն, որ մենք ահաբեկչության կիզակետում չենք, նաև պայմանավորված է այն գործողություններով, որ մեր իրավապահները ձեռնարկում են»: