Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իրենք կսատարեն իշխող Հանրապետական կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածուին:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է սատարեն ՀՀ նախագահի՝ ՀՀԿ առաջադրած թեկնածուին, պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է:
«Ասեմ, ամեն ինչ հնարավոր է: Նայած, թե ով կլինի թեկնածուն: Այսօր մենք չգիտենք, թե ով է նրանց թեկնածուն»,- հայտարարեց Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքներով ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին առանց իրենց և առանց «Ելք» խմբակցության ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածու և ընտրել:
«Եթե մեր ժողովուրդը Հանրապետական կուսակցությանը տվել է լիարժեք հնարավորությունը, որպեսզի նրանք առաջադրեն և ընտրեն, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ մենք քննարկում և խոսակցություն չենք ունեցել»: