Առաջիկա 1-2 ամիսներին կարագն էժանանալու է
Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Միջազգային շուկայում կարագի գների նվազում է սկսվել, Հայաստանում ևս այդ ապրանքի գծով նկատվում է նվազման միտում: Կարծում ենք, առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կարագը կէժանանա: Չնայած այժմ էլ մեր շուկայում առկա է կարագի գնի նվազում, բայց, կարծում ենք, հիմնական ազդեցությունը մեկ-երկու ամիս հետո է դրսևորվելու»,-ասաց նա:
Մեկ-երկու ամիս հետո, քանի որ, ըստ Շաբոյանի, միջազգային շուկայում կարագի գների ու մեր ներմուծման գների միջև առկա է չորս ամսվա լագային ազդեցություն, այսինքն՝ փոփոխությունները հայաստանյան շուկայում դրսևորվում են չորս ամսվա ընթացքում:
Արտակ Շաբոյանը անդրադարձավ նաև կարագ ներմուծող ընկերություններին՝ նշելով, որ շուկայում կառուցվածքային որոշակի փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, եթե նախկինում «Ալեքս հոլդինգ» ընկերությանը բաժին էր ընկնում կարագի շուկայում ներմուծման 80 տոկոսը, ապա ներկայում այն 55 տոկոս է կազմում: Դրան զուգահեռ կան 28 տնտեսավարողներ, որոնք ևս կարագի ներմուծում են իրականացնում ու գրավում շուկայի 40 տոկոսը: Վ
երջիններս ներմուծումները կատարում են հիմնականում ԵԱՏՄ երկրներից:
Հայաստանում կարագի գների բարձրացումը, որը սկսվել էր դեռևս 2016-ի սեպտեմբերից, պայմանավորված էր ներմուծման գների բարձրացմամբ, այսինքն՝ միջազգային շուկայում կարագի գնի բարձրացումն անմիջականորեն ազդել էր այստեղ գործող գների վրա: