Նյու Յորքի քաղաքագլուխը դեմ է արտահայտվել Թրամփի միգրացիոն քաղաքականությանը
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ դեմ է արտահայտվել աղքատ երկրներից միգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։
«Այսօր յուրաքանչյուրը, ով եկել է այստեղ, պաշտպանում է Ամերիկան այնպիսին, որպիսին այն պետք է լինի: Այն բոլորի համար է եւ այն վայրը, որտեղ հարգում են բոլորին»,- ասել է դե Բլազիոն՝ բեմից դիմելով հավաքվածներին: Աղքատ երկրների հասցեին Թրամփին վերագրվող արտահայտությունների կապակցությամբ բողոքի ակցիան տեղի է ունեցել Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում:
Հանրահավաքը կազմակերպվել էր հունվարի 15-ին, երբ ԱՄՆ-ում նշում են հայտնի իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի օրը: Ակցիան ընթացել է «Երթ ընդդեմ ռասիզմի. աջակցիր Հաիթիին եւ Աֆրիկային» նշանաբանի ներքո, դրա վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել սոցցանցերում: Դրա մասնակիցներից շատերը Թայմս-սքվեր էին եկել Հաիթիի եւ ԱՄՆ-ի դրոշներով:
Սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ սենատորների հետ ներգաղթի հարցերի շուրջ խորհրդակցության ընթացքում Թրամփը երրորդ աշխարհի երկրները որակել է «կեղտոտ խորշեր»: Մասնավորապես, նա իբր հիշատակել է Հաիթին, Սալվադորը, աֆրիկյան մի շարք պետություններ:
Թրամփն ինքն ավելի ուշ հայտարարել է, որ նման բառեր չի օգտագործել, մինչդեռ մի խումբ սենատորներ տրամագծորեն հակադիր հայտարարություններ են արել այն մասին, թե պետության ղեկավարն արել է արդյոք նման արտահայտություններ: «Ոչ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչն եմ ռասիստ այն մարդկանցից, ումից դուք հարցազրույց եք վերցրել»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին, նշելով, որ վիրավորական արտահայտություններ չի արել Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: