Մարտին Լյութեր Քինգի դստեր համոզմամբ՝ միգրանտների մասին Թրամփի ասածները չեն համապատասխանում Ամերիկայի ոգուն
Ներգաղթի հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները չեն արտացոլում ամերիկացիների կարծիքը եւ չեն համապատասխանում քաղաքացիական իրավունքների մարտիկ Մարտին Լյութեր Քինգի պատգամներին:
Ինչպես հունվարի 15-ին հաղորդել է Associated Press (AP) լրատվական գործակալությունը, այս հայտարարությամբ հանդես է եկել Բեռնիս Քինգը՝ քաղաքացիական իրավունքների մարտիկի դուստրը։
«Չի կարելի թույլ տալ, որ աշխարհի երկրները կարծեն, թե մեր նախագահի խոսքն արտացոլում է Ամերիկայի ճշմարիտ ոգին,- հայտարարել է նա ԱՄՆ-ում նշվող ազգային տոնի՝ Մարտին Լյութեր Քինգի օրվա առթիվ Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) բապտիստական եկեղեցում կայացած արարողության ժամանակ:- Մենք մի ժողովուրդ ենք, մեկ ազգ, մեկ արյուն, մեկ ճակատագիր: Այս ժամին մեր ընդհանուր ձայնը պետք է հնչի ավելի բարձր, քան նրա ձայնը, ով մերթ ընդ մերթ չի հետեւում իմ հոր պատգամներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: