Մովսես Հակոբյանը Վիգեն Սարգսյանի դեմ արշավ է սկսել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիգեն Սարգսյանի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում: Պաշտպանության նախարար դառնալու օրվանից Սարգսյանը մշտապես սկանդալների կենտրոնում է եղել:
Նախ՝ 1000 դրամները, ապա Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը, եւ հատկապես տարկետման իրավունքի սահմանափակումների շուրջ աղմուկը: Այնուհետեւ ՊՆ մի քանի երկարամյա պաշտոնյաների պաշտոնանկությունը, որոնցից ամենաթարմն ու աղմկոտը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանինն էր:
Վիգեն Սարգսյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է Բաղմանյանին ազատել աշխատանքից, որից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը անսպասելի եւ նույնիսկ ամոթալի աստիճան փութաջանորեն Վիգեն Սարգսյանի գովքը երգեց, այդպիսով վերջինիս հրապարակայնորեն ընդունելով որպես պաշտպանության ոլորտի առաջնորդ եւ յուր ղեկավար:
Հակոբյանի այս խոնարհումը պատճառներ ուներ. բանն այն է, Բաղմանյանից հետո Սարգսյանը պատրաստվում էր ազատվել նաեւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանից, որը բանակի, մեղմ ասած այնքան էլ լավ համբավ չունեցող գեներալներից է:
Հակոբյանի հարցազրույցից հետո նրա ազատումից առայժմ ոչ մի լուր չկա:
Փոխարենը Վիգեն Սարգսյանը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում: Այս անգամ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որով կոչ է արել միանալ վիրավորված զինվորին արտերկիր բուժման ուղարկելու համար կազմակերպված դրամահավաքին:
Անձամբ ինքը 4 294 դոլար է փոխանցել այդ նպատակի համար: Եվ ահա սկսվել են քննարկումները, թե ինչու ՊՆ-ն իր միջոցներով չի հոգում զինվորի բուժման ծախսերը, կամ, եթե այս մի զինվորի համար դրամահավաքի կոչեր է անում, նախարարն էլ մասնակցում է դրան, ինչու կրկին վիրավորում ստացած եւ արտերկիր մեկնելու կարիք ունեցող ուրիշ զինվորների համար նույնը չի արվում:
Եվ կրկին առաջին պլան են եկել՝ բանակի թալանը, գեներալների ջիպերը, զինվորի բաժին սմետանը եւ այլն: Կրքերը բորբոքվեցին, երբ Վիգեն Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա ՖԲ իր էջում օգտատերերից մեկին պատասխանեց՝ «բոշան դու ես»:
Ընդհանրապես Սարգսյանը հանգստյան օրերին ակտիվ էր ՖԲ-ում, մեկնաբանություների էր պատասխանում, ինքն էր գրում:
Մի բան, որ պետական պաշտոնյաները համենայն դեպս Հայաստանում հաճախ չեն անում:
Նույն Վիգեն Սարգսյանը ՀՀ երբեմնի ամենափակ չինովնիկներից մեկն է եղել, նախարար նշանակվելուց հետո էլ մինչեւ այս վերջին դեպքը ֆեյսբուքյան գործողություններով չի փայլել: Հարց է առաջանում, ինչն էր պատճառը, որ նա անձամբ որոշեց դրամահավաքի կոչեր անել ՖԲ-ում: Չէ որ նույնը կարող էր անել նախարարության աշխատակազմի, խոսնակի կամ ՊՆ-ին կցված ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով:
Եվ ինչու նրա նյարդերը տեղի տվեցին այն աստիճան, որ լեզվակռվի մեջ մտավ օգտատերերց մեկի հետ: Կարծում ենք այս հարցերի պատասխանը թաքնված է նրա շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների մեջ:
Անցյալ շաբաթ գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների Սերժ Սարգսյանը երրորդ անձանց մոտ դժգոհում է Վիգեն Սարգսյանից, կարծիք հայտնելով, որ նա այդպես էլ չկարողացավ կայանալ նախարարի պաշտոնում: Գրել ենք նաեւ, որ մեր այդ հրապարակումից անմիջապես հետո նույն օրը, գեներալների հավաք տեղի ունեցով, որի ժամանակ գեներալները որոշեցին Վիգեն Սարգսյանին փոխել ներկայում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանով: Ակնհայտ է, որ այս հրապարակումները եւ հավաքը լուրջ անհանգստություն են առաջացրել Վիգեն Սարգսյանի մոտ:
Ըստ ամենայնի, նա իսկապես ցանկանում է շարունակել ղեկավարել երկրի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը եւ պաշտոնի փոփոխությունը նրա ստրով չէ, անկախ նրանից, թե ՊՆ-ից հետո Սերժ Սարգսյանն իրեն ինչ աշխատանք կառաջարկի: Եթե Սարգսյանի համար միեւնույնը լիներ, թե ինքը որ նախարարությունում կլինի՝ ՊՆ, ԱԳՆ, թե որեւէ այլ պոստի, նա հանդարտ, առանց ցնցումերի կհետեւեր գեներալների ու մյուս բոլոր շրջանակների գործողություններին եւ իր ոտքի տակ փորողների ցուցակ կկազմեր: Բայց Սարգսյանը այդպես չի պահում իրեն:
Ինչ վերաբերում է ֆեյսբուքում եւ իշխանական լրատվամիջոցներում Վիգեն Սարգսյանի դեմ այս օրերին ընթացող հակաքարոզչությանը, ապա այդտեղ ակնհայտ երեւում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ականջները:
Վերջինս Պաշտպանության նախարարին հրապարակային «խոնարհվելուց» հետո, ընդհատակյա լուրջ աշխատանք է տանում նրա դեմ: Չի բացառվում, որ գեներալների հավաքի ետեւում նույնպես ԳՇ պետը կանգնած լինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: