«Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել, հիմա պետք է լրացնեն». ահազանգում է ծնողը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր:
Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր.
«Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու շատ անօրինական քայլեր: Իրեն հեռացրեցին, նոր տնօրենը արգելեց դրամահավաքները, բայց ուսուցչի տոնին, երբ շնորհավորեցին, ընդունեց: Մեր պարտեզում շնորհավորելու համար ֆիքսված թվեր կան, օրինակ դաստիարակ՝ 35 000, դայակ՝ 25 000:
Ամանորին խմբում հավաքվել էր 30 000 դրամ: Կիսեցինք երկու մասի, տվեցինք, բայց դաստիարակը նեղվել էր 15 000 ողորմելի թվից ու չվերցրեց՝ ասելով՝ ոնց որ մյուս խմբերում, այնպես էլ ինձ: Հիմա դիմացը Մարտի 8 է, ու մեր կոմիտեն (ծնողական խորհրդի նախագահը-խմբ.) ասում է՝ 50 000՝ դաստիարակ՝ Նոր տարին էլ հետը, 40 000 դայակ՝ ծնունդ ու Մարտի 8, + տնօրեն, մանկավարժ, բուժքույր, երգ, ֆիզկ.: Ու ասում է դրվածքը դա է, ոնց մյուս խմբերում, այնպես էլ մենք: Ասածս այն է՝ ոնց անենք, որ էդ դրվածքը չլինի»:
Ծնողը նաեւ նկատել էր, որ տարվա մեջ մի քանի տոն ու առիթ է լինում, իսկ դա նշանակում է, որ իրենց ուսերին բավական մեծ ֆինանսական բեռ է ընկնում:
Երեկ մանկապարտեզում հրավիրված ժողովի ժամանակ կրտսեր խմբի ծնողները ու հատկապես ծնողական խորհրդի նախագահ Անժելա Սարգսյանը պնդում էր, որ գումարը հավաքելիս որեւէ պարտադրանք չի եղել, եւ իրենք ընդամենը ցանկացել են շնորհակալ լինել՝ երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Գումարը, սակայն, չի ընդունվել, ու հետեւաբար քննարկելու պատճառ էլ չկա: Ծնողները հերքում էին, թե փողով ծրարը մերժելու պատճառը պարունակությունը քիչ լինելն է:
Ծրարը փորձել են դաստիարակին փոխանցել դեկտեմբերի 27-ին՝ «Դիմակահանդեսի» օրը: «Արդեն շատ խառնաշփոթ վիճակ էր, ինքն էլ շատ բարկացած, ու մենք էլ առիթը օգտագործելով, որ խառնաշփոթ է, ծրարը թողեցինք, դուրս եկանք: Դրանից հետո, երբ որ իմ տարած անձնական զարդարանքները վերադարձրեց, ծրարը նորից մեջն էր դրած»,- մանրամասնեց Անժելա Սարգսյանը:
Չընդունված գումարը, սակայն, նա դեռ չի վերադարձրել ծնողներին: Մեր զրուցակիցը պարզաբանեց, թե նախ իր երեխան արձակուրդից հետո առաջին օրն է մանկապարտեզ հաճախել, եւ հետո ինքը պարբերաբար մյուս ծնողներից հետաքրքրվել է, թե ինչպես վարվի այդ գումարի հետ: Որոշվել է դեռ պահել, իսկ հետագայում հնարավոր է փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» կայքին:
Ժողովի ժամանակ չհերքվեց, որ ծնողները գալիք Մարտի 8-ի համար եւս մտադիր են փող հավաքել: Բայց եթե մանկապարտեզում դա սկզբունքորեն մերժվում է, ուրեմն ինչու նորից նման քայլի գնալ: Անժելա Սարգսյանը մեր այս հարցին պատասխանելով՝ ասաց, թե այս անգամ ցանկանում են որեւէ նվեր գնել: «Հաճելի է, ամեն դեպքում, երբ որ տոնին դիմացինիդ շնորհավորում ես՝ լինի մտերիմ, դաստիարակ, թե հարազատ ինչ-որ մեկը»,- արձանագրեց նա:
Տնօրեն Նառա Պետրոսյանը ժողովից հետո մեր զրույցում ասաց, թե ինքը միայն ուրբաթ օրն է իմացել այս պատմության մասին, երբ այն արդեն հանրային արձագանք էր ստացել. «Պարտադիր դրամահավաքություն չի եղել: Իմ աշխատելու առաջին իսկ օրվանից ես դա խիստ դրել եմ: Ես տեղյակ չեմ եղել, որ ծնողները հավաքել են: Ես իմացել եմ, երբ որ ուրբաթ օրը դա արձագանք է ստացել»:
Հարցին, թե եթե անգամ պարտադրանք չի եղել, երեւույթը նորմա՞լ է, երբ տվյալ դեպքում կրտսեր խմբի ծնողները գումար են հավաքում եւ ծրարով փոխանցում դաստիարակին, թե՛ տնօրենը եւ թե՛ նրա աշխատասենյակում գտնվող դաստիարակը բացասական պատասխան տվեցին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: