Sotheby’s-ն աճուրդի կհանի Պիկասոյի լավագույն դիմանկարներից մեկը
Լոնդոնում Sotheby’s-ը փետրվարի 28-ին աճուրդի կհանի իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ փորձագետների կարծիքով լավագույն դիմանկարներից մեկը՝ «Բերետով եւ վանդակավոր զգեստով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» անվանումով: Այս մասին աճուրդային տունը հայտնել է մամուլի տեղեկագրում:
Նկարը, որն ստեղծվել է նույն 1937 թվականին, ինչ եւ հռչակավոր «Գեռնիկան», կդառնա ավանդական երեկոյան աճուրդի թոփ-լոտը, որտեղ գնորդները կկարողանան ձեռք բերել իմպրեսիոնիսիտների եւ մոդեռնիստների կտավներ: Նկարում պատկերված է Պիկասոյի երկարամյա սիրուհին, բնորդուհին եւ մուսան: Այս դիմանկարն ստեղծելուց երկու տարի առաջ Վալտերը (1909 – 1977) դուստր էր պարգեւել նկարչին, որին կոչել էին Մայա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: