Բաժիններ՝

Թուրքիայում ահաբեկչության հետ կապի մեղադրանքով կրկին բազմաթիվ մարդիկ են հեռացվել աշխատանքից

Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է օրենքի ուժ ունեցող հերթական՝ համար 697 որոշումը (KHK)։ Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո սա արդեն 31-րդ KHK-ն է։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ որոշման շրջանակներում աշխատանքից հեռացվել են 214 պետական հաստատության աշխատակից և ազգային պաշտպանության նախարարության ու ԶՈՒ 48 աշխատակից։ Հայտնի է, որ աշխատանքից հեռացնելուց բացի զինվորական կոչումներից զրկվել են ցամաքային ռազմական ուժերի 1 և ծովային ռազմական ուժերի 4 զինվորական։

Աշխատանքից հեռացվածների թվում են նաև 60 ակադեմիկոս և համալսարանների 19 վարչական աշխատակից։ Իսկ նախկինում աշխատանքից հեռացված 39 մտավորական վերականգնվել են աշխատանքում։

Աշխատանքից հեռացման հիմնավորումը կրկին նույնն  է․ «Ահաբեկչական խմբավորումներին և պետության ազգային անվտանգության դեմ գործունեություն ծավալող խմբավորումների ու կառույցների հետ համագործակցություն»։

Թուրքական թերթի կայքը հրապարակել է նաև աշխատանքից հեռացվածների և վերականգնվածների ամբողջական ցուցակները։

Ինչպես նախորդ KHK-ների դեպքում՝ այս անգամ էլ անմասն չի մնացել նաև Թուրքիայի մեդիա դաշտը։ Փակվել են «YEK» հեռուստաալիքը և «HATMAR FM» ռադիոկայանը։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ «Bylock» հավելվածն օգտագործելու մեղադրանքով աշխատանքից հեռացված 1823 մարդ վերականգնվել է աշխատանքում։ Պարզվել է, որ նրանք իրենց հեռախոսներում առկա «Mor Beyin» ծրագրի պատճառով անկախ իրենց կամքից ներբեռնել են նշյալ հավելվածը։ Թուրքիայի կառավարության պնդմամբ՝ այդ հավելվածը անմիջականորեն կապված է ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս