Բաժիններ՝

Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր գործողություն սկսելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև ունեցած ելույթում հայտնել է, որ թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի՝ PYD/YPG-ի դեմ: Նա տեղեկացրել է, որ իրենք գործողությունների կանցնեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայում քրդական PYD/YPG-ին զինամթերքով բեռնված 4900 բեռնատար ուղարկելու մեջ: «Մենք տեղյակ ենք այդ ամենից: Նման կերպ գործընկեր չեն լինում: Մենք նաև տեղյակ ենք, որ ահաբեկիչներին զենք է հասցվել նաև օդային ճանապարհով՝ 2 հազար ինքնաթիռներով: Մատակարարված զենքի մի մասը վաճառվել է սև շուկայում, իսկ մյուս մասը՝ օգտագործվում է մեր դեմ»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են ԱՄՆ հետ միասին քաղաքականություն տանել տարածաշրջանում, սակայն դա չի կարող արվել միակողմանիորեն: «Օձը տաքացնողին է կծում… Եթե ԱՄՆ-ն այդքան վստահ է օձի բույնը նետվելու հարցում, մենք ինքներս մեր գլխի ճարը կտեսնենք»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս