Բաժիններ՝

ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին

Միացյալ Նահանգները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները մտահոգված են նրանով, որ հունվարի 12-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Համաձայն հաղորդումների՝ Մուխթարլին մայիսի 30-ին առևանգվել էր Վրաստանում, ապա Ադրբեջանում ձերբակալվել մաքսանենգության գործով՝ կապված այն մեղադրանքների հետ, որոնք քաղաքականապես մոտիվացված են»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ Միացյալ Նահանգները կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել Մուխթարլիին և բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են հիմնարար ազատություններն իրացնելու պատճառով:

Բաքվի դատարանը լրագրող Մուխթարլիին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման:

Լրագրողը 2014 թվականից բնակվում էր Վրաստանում, սակայն 2017 թվականին նրան անհայտ անձինք առևանգել էին և տեղափոխել Ադրբեջան, ինչը մեծ սկանդալի պատճառ էր դարձել: Նրա առևանգման գործում մեղադրվում են Վրաստանի իշխանությունները:

Եվրախորհրդարանը հունիսին ընդունել էր բանաձև Մուխթարլիի գործով՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ցրել կասկածները լրագրողի առևանգման գործում իրենց ներգրավվածության վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս