«2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմ չի լինի». ԱՄՆ-ի վերլուծաբաններ

2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն.

«Կարծում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը օգուտ չեն ստացել ապրիլյան քառօրյա պատերազմից եւ դա լավ գիտակցում են երկու երկրների մայրաքաղաքներում: Ներկա պահին ես չեմ տեսնում, որ նոր հակամարտությունը բխեր երկու երկրներից որեւէ մեկի շահերից»:

Հակամարտող կողմերին Ռուսաստանի կողմից վերջին արտադրության զինատեսակների վաճառքը գարշելի է համարում Ջոն Հերբսթը.

«Սառեցված հակամարտության պահպանման քաղաքականությունն ուղղակի գարշելի է. այն օգուտ է քաղում մարդկային ցավից, որը թույլ է տալիս Կրեմլին պահպանել իր ազդեցությունը: Դա ցինիկ եւ զզվելի քաղաքականություն է»:

Դեսպան Հերբսթի խոսքով, ստատուս քվոյի պահպանումը նշանակում է նաեւ կարգավորման բացակայություն.

«Պետք է ասեմ նաեւ, որ չեմ տեսնում դեպի խնդրի կարգավորում ուղղված որեւէ դիվանագիտական առաջընթացի հնարավորություն»:

Այդ մոտեցումը կիսում է նաեւ ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը.

«Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաեւ առաջիկա գարնանը որեւէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»:

Իրավիճակը սակայն կարող է փոխել որեւէ կտրուկ իրադարձություն, ավելացնում է փորձագետը.

«Լուրջ փոփոխությունների դեպքում, անշուշտ շատ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այսչափ լուրջ զենքերով զինված տարածաշրջանում բռնի պատերազմ սկսվի»:

Այնուամենայնիվ, Սթիվեն Բլանկի խոսքով, Միացյալ Նահանգները փորձելու է տարածաշրջանում խաղաղություն պահպանել.

«Վրաստանին պաշտպանական «Ջավելին» հակատանկային զենքի վաճառքն ու Պակիստանի ամերիկյան օգնության կասեցումը նշանակում է, որ Հարավային Կովկասի կարեւորությունը նաեւ որպես Աֆղանստանում ամերիկյան ուժերի համար բարձրանում է»:

Դեսպան Հերբսթի կարծիքով նույնպես, թեեւ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ակտիվ քայլերի չի դիմում, այնուամենայնիվ, մինչ օրս շարունակվում է տարածաշրջանի նկատմամբ նախկին վարչակազմի զգույշ հետաքրքրության քաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս