«ԵԱՀԿ աշխատանքում մենք էական փոփոխության ականատեսը չենք դառնա Իտալիայի նախագահության օրոք». փորձագետ

«ԵԱՀԿ-ում Իտալիան առաջնորդվելու է ԵՄ առաջնահերթություններով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններին:

Հիշեցնենք, որ 2018 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Իտալիան: Նախօրեին Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն ներկայացնելով Իտալիայի նախագահության առաջնահերթությունները և ծրագրերը, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ գտնելու վերջնական համաձայնեցված լուծում այս հակամարտության համար»,- ասել է նա:

Ալֆանոն ընդգծել է, որ իրենց վերաբերմունքը նույնն է մնալու ձգձգված հակամարտությունների վերաբերյալ, և, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության օրոք իրենք մշտապես այս հարցերը պահելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Ալեքսանդր Ռարն ասաց, որ սառեցված հակամարտությունները, ուկրաինական ճգնաժամը, դատելով Իտալիայի ԱԳ նախարարի ուղերձներից, լինելու են Իտալիայի նախագահության առաջնահերթությունները:

Ըստ նրա, Իտալիան՝ ի համերաշխություն Եվրամիության, պաշտպանելու է Եվրամիության դիրքորոշումը:

«Բայց յուրաքանչյուր երկիր ելնում է այն առաջնահերթություններից, որոնք ինքն է դիտարկում առաջնահերթություն: Այս հակամարտությունները ոչ բոլոր ԵՄ երկրներն են դիտարկում՝ որպես ԵՄ անվտանգության համար սպառնալիք, կամ նրանք տարբեր խնդիրներ են դիտարկում՝ որպես սպառնալիք: Իտալիայի դեպքում հասարակական կարծիքն այլ խնդիրներ է դիտարկում՝ որպես սպառնալիք, դրանք են ահաբեկչությունն ու ապօրինի միգրացիան, այսինքն՝ սրանք այն խնդիրներն են, որոնք առնչվում են հենց իտալացի ժողովրդին, դա էլ հենց ձևավորում է վերաբերմունքը խնդիրների նկատմամբ:

Երբ կան այս խնդիրները, դրանք հաղթահարված չեն, այլ խնդիրները չեն դիտարկվում՝ որպես առաջնահերթություն: Ուստի Իտալիայի դեպքում թե Ղարաբաղյան հակամարտությունը, թե նույնիսկ Ուկրաինական ճգնաժամը ազդեցիկ ու ԵՄ-ի, Իտալիայի անվտանգությանը սպառնացող օջախներ չեն»,-  պարզաբանեց Ալեքսանդր Ռարը:

Սակայն, վերջինիս պարզաբանմամբ, Իտալիան, լինելով ԵՄ անդամ երկիր, չի կարող դուրս գալ եվրոպական օրակարգից և անտեսել այս հակամարտությունները: Ուստի, ըստ նրա, Իտալիան կշարունակի ընդհանուր առմամբ գործել այնպես, ինչպես նպատակահարմար է ԵՄ-ին:

Ռարի խոսքով, Իտալիայի ԱԳ նախարարի ձևակերպումները Ղարաբաղի վերաբերյալ ցույց են տալիս, որ Ղարաբաղի ուղղությամբ եվրոպական դիրքորոշումը չի փոխվի, ԵԱՀԿ-ն կշարունակի աշխատել նույնկերպ այս գոտում, աջակցություն հայտնելով Մինսկի խմբին, սակայն առավել մեծ ուշադրություն կհատկացվի ուկրաինական ճգնաժամին, որտեղ խաղաղարար առաքելությունը այս օրերին առաջնահերթություն է Եվրամիության համար ստեղծված լարվածության պատճառով:

«ԵԱՀԿ-ն ամենաշատը, ինչ կարող է անել, բանակցությունների հարթակ դառնալն է կամ աջակցելը, որպեսզի Մինսկի խմբի շրջանակում հանդիպումներ կազմակերպվեն: Եթե կողմերը համաձայնեն, ԵԱՀԿ-ն կֆինանսավորի մեխանիզմների հարցում և մոնիտորինգային առաքելության թիմի ընդլայնմանը, բայց այս քայլերը թելադրվում են Մինսկի խմբի կողմից, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն ճանաչում են ՄԽ քայլերը:

ԵԱՀԿ-ն մեծ ակտիվության և հետաքրքրության դեպքում չէր կարող մեծ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում, քանի որ չունի այն ազդեցությունն ու լծակները, ինչ անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտությունում տրամադրություն փոխելու համար: Դրա համար շատ ավելի ազդեցիկ ու լայն հարթակներ են անհրաժեշտ: Եթե կարճ ասեմ, ապա ԵԱՀԿ աշխատանքում մենք էական փոփոխության ականատեսը չենք դառնա Իտալիայի նախագահության օրոք»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս