Դանակահարություն Վանաձորում․ մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 8-ին «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից Վանաձորի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ Ա.Խեչոյանը՝ ծնված 1988 թվականին:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են Ա.Խեչոյանի հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1996 թվականին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: